Համաներման մասին ԱՄՆ պետդեպի հայտարարությունը խնդրահարույց է, այն պարզաբանման կարիք ունի. Արցախի ՄԻՊ
31 Մայիսի 2023, 17:17
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունը, որում նա ողջունել էր Ադրբեջանի նախագահի՝ Արցախի պաշոտնյաներին համաներելու մասին հայտարարությունը:
«Զարմանալի է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի կողմից Ադրբեջանի նախագահի՝ համաներման մասին հայտարարությունը ողջունելը:
Այն հավելյալ պարզաբանման կարիք ունի: ԱՄՆ-ն, որը հայտարարում է, թե կողմնակից է տարածաշրջանում խաղաղությանը եւ մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության օրակարգով է առաջնորդվում, փոխարենը դատապարտի Ադրբեջանից հնչող սպառնալիքները, գոհունակություն է արտահայտում Ադրբեջանի նախագահի այդ հայտարարության հետ կապված»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Գեղամ Ստեփանյանը:
Արցախի պաշտոնյան հիշեցրեց՝ ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է, որը տիրապետում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր նրբություններին, հետեւաբար զարմանալի է Պետդեպի այդ հայտարարությունը:
«Համաներում են տալիս հանցագործին, դատապարտյալին: Ի՞նչ է նշանակում ողջունել համաներման մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունը: ԱՄՆ-ն այս տարածաշրջանում եւ ղարաբաղյան հակամարտության համատեքստում նոր դերակատար չէ:
ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի համանախագահության ընթացքում ձեւավորվել են հակամարտության կարգավորման երեք հիմնարար սկզբունքները, որոնցից մեկը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է, եւ նույն ԱՄՆ համանախագահը տարբեր առիթներով այցելել է Արցախ, հանդիպել իշխանությունների հետ, նաեւ պատերազմից հետո է նման հանդիպումների հնարավորություն եղել: Խիստ խնդրահարույց է Պետդեպի հայտարարությունը»,- ասաց Գեղամ Ստեփանյանը: