ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը չի նպաստում խաղաղ գործընթացին. Հակոբ Բադալյան
31 Մայիսի 2023, 19:00
«ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը Ալիևի, այսպես կոչված, համաներման մասին հայտարարությանը, բնականաբար անընդունելի է: Այն չի կարող լինել խաղաղ գործընթացի արդյունավետ կազմակերպմանը նպաստող նախադրյալ, առնվազն այն պատճառով, որ Ալիևն իր հայտարարությունը հնչեցրել է բացահայտ սպառնալիքի և վերջնագրի տեսքով»,- ասում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:
Տեղեկացնենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, թե ողջունում են նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները համաներման հարցը քննարկելու մասին:
Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի օկուպացված Բերձոր քաղաքում չի բացառել, որ Արցախի «ղեկավարությունը» կարող է համաներման իրավունք ստանալ:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ընդգծում է՝ «առնվազն հարց է առաջանում, թե Վաշինգտոնը, ողջունելով Ալիևի հայտարարությունը, ի՞նչ է առաջարկում Արցախի ժողովրդին»:
Բադալյանը նկատում է՝ Ալիևի հայտարարությունը նաև ընդվզում է ռուս խաղաղապահների դեմ, ինչն էլ իր հերթին համընկնում է ԱՄՆ շահերին: