Ստամբուլյան կոնվենցիան տեղին չէ, դրա շուրջ քննարկումներն էլ ժամանակավրեպ են. Տիգրան քահանա Բադիրյան

31 Մայիսի 2023, 21:00

Բոլոր

«Ամենամեծ վտանգը առհասարակ, որ քրիստոնյա մարդու համար յուրաքանչյուր պետությունում կարող է լինել՝ ընդհանրացումներն են»,- ասում է Մայր Աթոռի դիվանատան եկեղեցական-ժողովական գրասենյակի պատասխանատու տեր Տիգրան քահանա Բադիրյանը:

Քահանային Alpha News-ը խնդրել է անդրադառնալ Անդրեա Վիկտորինի այն հայտարարությանը, թե կցանկանար, որ Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան:

Անդրադառնալով կոնվենցիայի՝ որպես կանանց իրավունքների հավելյալ պաշտպանության գործիք նշանակությանը, քահանա Բադիրյանն ընդգծում է՝ երբ առանձին կանանց կամ առանձին ընտանիքներում կանանց հանդեպ տեղի ունեցած ոտնձգության դեպքերը փորձ է արվում ներկայանցել որպես հասարակական իրողություն, ապա տպավորություն է ստեղծվում դրանով, թե այդ դեպքերն իրականում շատ են:

«Ամենամեծ խնդիրը ոչ թե կանանց իրավունքների պաշտպանությունն է, այլ ընդհանրապես մարդկանց քրիստոնեական արժեհամակարգի վերակենդանացումը»,- վստահեցնում է Տեր Տիգրան քահանա Բադիրյանը:

Քահանան ընդգծում է՝ բռնությունների թիվը շատանում է ոչ թե օրենքի պակասից, այլ բարոյական պատկերացումների խեղման պատճառով:

«Բռնության դեպքերը նվազեցնելու համար ոչ թե օրենքներ են պետք, այլ պետք է բարոյականության զգացումի ավելացում, արժեհամակարգի ամրապնդում և քարոզ»,- մեկնաբանում է տեր Տիգրանը և հավելում, որ այսպիսի առաքելությունն ունի հենց Հայ առաքելական եկեղեցին:

«Կոնվենցիաների և նման օրենսդրական նախաձեռնությունների անհրաժեշտությունը կամ դրա պատրանքը ստեղծվում է միայն այն ժամանակ, երբ հասարակության մեջ բարոյականությունը և սեփական անձի մասին պատկերացումը սկսում է ընկալվել որպես պարտադիր իրավական գործիքների կիրառման դաշտ»,- ասում է քահանան:

Նա եզրափակում է՝ կոնվենցիան տեղին չէ, իսկ դրա շուրջ քննարկումները ժամանակավրեպ են, որովհետև մեր երկիրը կանգնած է շատ ավելի լուրջ և գոյաբանական մարտահրավերների առջև: