Ալիևի՝ համաներման մասին խոսքերն իրավական հենք չունեն, իսկ ԱՄՆ մեկնաբանությունը տարօրինակ է. Արա Ղազարյան

31 Մայիսի 2023, 20:30

Կարծիք

Մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահը հորդորել էր Ղարաբաղի իշխանություններին ցրել խորհրդարանը, լքել պաշտոնները, և միայն այդ կերպ նրանք կարող են «համաներում» ստանալ:

Մայիսի 31-ին ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը Իլհամ Ալիևի այս հայտարարության վերաբերյալ նշել է, թե ողջունում է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները «համաներման» վերաբերյալ։

ՀՀ ԱԳՆ–ն արձագանքել է իր հերթին՝ նշելով, որ Միացյալ Նահանգները պետք է համարժեք արձագանքի Ադրբեջանին՝ կանխելու նրա ղեկավարության՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ծավալապաշտական քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների նկրտումները։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի համոզմամբ՝ Ալիևի այդ հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի, քանի որ դրա համար նախ պետք է մեղադրանք առաջադրվի անձին, մեղքը հաստատված լինի դատական ակտով, որից հետո նոր համաներում հայտարարվի: Ըստ նրա՝ սա անհեթհեթ հայտարարություն է, և նույնիսկ չարժե դրան անդրադառնալ.

«Ալիևն իրեն դրել է քննիչի տեղ, դատախազի, դատավորի տեղ: Ըստ երևույթին, նրա խորհրդականները սխալ ուղղություն են նրան տվել, քանի որ իրենք առնվազն պետք է ունենան գործադիր իշխանություն Ղարաբաղի իշխանությունների նկատմամբ:

Նույնիսկ Ադրբեջանի օրենքներով՝ Ղարաբաղի տարածքում գտնվող անձանց նկատմամբ համաներում իրականացնելու իրավունք չունեն, որովհետև նրանք հայտարարել են իրենց անկախության մասին, չեն համարում իրենց որպես Ադրբեջանի սուբյեկտներ», — վստահեցրել է Արա Ղազարյանը:

Անդրադառնալով ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցչի հայտարարությանը՝ միջազգային իրավունքի մասնագետը նշել է, որ դա պետք է մեկնաբանեն քաղաքական վերլուծաբանները, քանի որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունն ամբողջությամբ քաղաքական ենթատեքստ ունի, այդուհանդերձ Ղազարյանը պետդեպի հորդորը համարել է տաօրինակ: