Փաշինյանը կգա Պուտինի երդմնակալությանը, թե ոչ, Ռուսաստանի համար նշանակություն չունի․ Դմիտրի Բաբիչ

Քաղաքագետ Դմիտրի Բաբիչը Alpha News-ի հետ զրույցում խոսել է այն մասին, արդյոք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգնա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը:

Քաղաքագետի կարծիքով՝ Պուտինի երդմնակալությանը Փաշինյանի գալը կամ չգալը ոչնչի վրա ուժեղ ազդեցություն չի ունենա, բայց դա ճիշտ քայլ կլիներ Հայաստանի վարչապետի կողմից:

«Պուտինն այնպիսի մարդ է, որի համար քաղաքավարության և հարգանքի ձևական նշաններն այնքան կարևոր չեն, որքան Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի համար։ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները վատանում են։ Բավական է նայել Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարություններին, Հայաստանում քաղաքական գործիչների հայտարարություններին։ Դա շատ տխուր է, բայց փաստ է: Փաշինյանի՝ երդմնակալությանը գալը կամ չգալը մեծ ազդեցություն չի ունենա, բայց դա ճիշտ քայլ կլիներ Հայաստանի վարչապետի կողմից, թեև վստահ չեմ, որ նա կանի դա։ Բրյուսելում ԵՄ-Հայաստան-ԱՄՆ եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի կողմնորոշումը դեպի Արևմուտք չի թաքցվում։ Եվ այս պայմաններում երդմնակալությանը գալ-չգալը մեծ նշանակություն չունի։ Ռուսաստանում այս հանդիպումն ընկալվեց որպես Հայաստանի որոշում՝ միանալ արևմտյան հանրությանը, ընտրել արևմտամետ կողմնորոշում և նույնիսկ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացում գնալ հենց այն տարբերակներով, որոնք առաջարկում է Արևմուտքը: Եվ եթե նույնիսկ Փաշինյանը գա, միևնույն է, նա չի կարողանա չեղարկել այն բաները, որոնք արդեն համաձայնեցված են Բրյուսելում, որոնք արդեն հռչակված են Հայաստանի ԱԳՆ-ի կողմից», — ասել է Բաբիչը։

Քաղաքագետի խոսքով՝ միայն քաղաքավարության և լոյալության արտաքին նշաններով Ռուսաստանին չես կերակրի, նա նայում է Հայաստանի ռազմավարական որոշումներին:

«Եթե Փաշինյանը հետևողական մարդ լիներ, չէր որոշի գալ՝ վախենալով առճակատումից։ Ռուսաստանում վերջին 30 տարիների ընթացքում սովորել են ուշադրություն չդարձնել քաղաքավարության արտաքին նշաններին։ Արևմտյան առաջնորդները շատ քաղաքավարի էին ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի, Ելցինի հետ, բայց միևնույն ժամանակ Ռուսաստանը կորցնում էր իր դիրքերը։ Եվ այդ դասը սովորեց ռուսական վերնախավը։ Ուստի միայն քաղաքավարության և հավատարմության արտաքին նշաններով Ռուսաստանին չես կերակրի, նա նայում է Հայաստանի ռազմավարական որոշումներին, այն որոշումներին, որոնք արդեն հնչեցվել են Բրյուսելում։ Փաշինյանին պետք է ոչ թե փորձել, այլ պարզապես փոխել կուրսը, ինչի մասին նրան ակտիվորեն ակնարկում է մեր ԱԳՆ-ն։

Բայց Փաշինյանը չի թողնում մարդու տպավորություն, ով ամեն օր կամ ամեն շաբաթ փոխում է իր որոշումները։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ ամեն ինչ կախված կլինի նրա և առաջիկա տարիներին հայ ժողովրդի որոշումներից», — եզրափակել է Բաբիչը։