Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան

16 Ապրիլի 2024, 17:40

Քաղաքականություն

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին անդրադարձել է Հայաստանի խորհրդարանի կողմից օգոստոսի 3-ը Հայաստանում որպես Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելուն։

X-ի իր միկրոբլոգում դեսպանը գրել է, որ Սինջարում եզդիների նահատակությունը կրկնությունն է 1915 թվականին ցեղասպանության ենթարկված հայերի նահատակության՝ մեկ դար տարբերությամբ։

«Հայաստանի Ազգային ժողովը եզդիների ցեղասպանության հիշատակի օրը ներառել է իր ազգային օրացույցում»,- նշել է նա՝ հավելելով, որ հպարտ է այս պատմական օրը Հայաստանի Ազգային ժողովի դահլիճում ներկայացնել Ֆրանսիան։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային ժողովը ապրիլի 16-ին հրավիրված արտահերթ նիստում ընդունել է օգոստոսի 3-ը Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը: