Մենք վախենում ենք, որ Հայաստանը կգրավվի Ադրբեջանի կողմից. ֆրանսիացի պատգամավոր
25 Ապրիլի 2024, 19:00
Իրավիճակը շատ վատ էր հայերի համար, և մենք փորձեցինք օգնել նրանց Եվրոպական խորհրդարանում՝ խորհրդարանականների մեծամասնության աջակցությամբ: Այս մասին Alpha News-ին ասել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսին՝ ամփոփելով խորհրդարանի վերջին տարիների աշխատանքը:
Նշենք, որ Ստրասբուրգում ընթանում է Եվրախորհրդարանի եզրափակիչ լիագումար նստաշրջանը: Խորհրդարանի նոր ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի հունիսին։
«Մենք աջակցել ենք հայերին 2020 թվականին, երբ Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա և անցյալ տարի, երբ Ադրբեջանը կրկին հարձակվեց՝ ստիպելով հայերին լքել հայրենիքը։ Մինչ այդ Ադրբեջանը հոգեբանական ուժեղ ճնշում էր գործադրել՝ փակելով Լաչինի միջանցքը։ Իրոք, ԵՄ ղեկավարության արձագանքը բավականաչափ ուժեղ չէ Ալիևին կանգնեցնելու համար, և հիմա մենք վախենում ենք, որ Հայաստանը կգրավվի կամ մասամբ կգրավվի Ադրբեջանի բանակի կողմից: Սա մեծ ռիսկ է, և մենք պետք է աջակցենք Հայաստանին և կանգնեցնենք ադրբեջանական ռեժիմի այդ մտադրությունը», — նշել է Ալֆոնսին։
Նրա խոսքով՝ Եվրոպայի բոլոր երկրներում հասարակական կարծիքը հայ ժողովրդի կողմն է։
«Եվրոպացիները գիտեն, որ Ադրբեջանում բռնապետական ռեժիմ է, իսկ Հայաստանը հաստատել է ժողովրդավարական արժեքներ։ Եվրոպացիները գիտեն, որ Ադրբեջանն ու Թուրքիան սպառնում են հայ ժողովրդին բնաջնջմամբ, ուստի նրանց պետք է օգնել։ Հանրային կարծիքն իր արտացոլումն է գտել Եվրոպական խորհրդարանում, քանի որ պատգամավորների զգալի մասը կողմ է հայ ժողովրդին: Սակայն Եվրահանձնաժողովը, որը ներկայացնում է իրական իշխանությունը, շահեր ունեն Ադրբեջանում, ունեն գազի մասին համաձայնագիր, և դա մեծ խնդիր է Հայաստանի համար։ Ես կարծում եմ, որ դա Ալիևին անպատժելիություն է տալիս, և այդ անպատժելիությունը նրան քաջալերում է առաջ գնալ և նոր տարածքներ գրավել։
Կարծում եմ, որ Հայաստանի մի մասի գրավումը կարող է տեղի ունենալ նույնիսկ վաղը։ Հայաստանի մի մասն արդեն օկուպացված է Ադրբեջանի բանակի կողմից, բայց վաղը ավելի շատ հատվածներ կարող են օկուպացվել Ադրբեջանի կողմից։ Մենք հիմա պետք է կանգնեցնենք նրան, այլապես վաղը ուշ կլինի։ Պետք է օգնենք Հայաստանին դիմակայել Ադրբեջանի ներխուժման և զավթման դեմ, իսկ հաղթելու համար ԵՄ-ն պետք է ճիշտ որոշումներ կայացնի», — նշել է նա։
Մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ ֆրանսիացի պատգամավորին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան և այդպիսով թույլ չեն տվել նրան լուսաբանել գյուղերի բնակիչների դիմադրությունը, որոնք պետք է անցնեն Ադրբեջանի կողմը, Ալֆոնսին նշել է.
«Ես կարծում եմ, որ Հայաստանը թույլ է Ադրբեջանի համեմատ, մենք պետք է ժամանակ շահենք և զինենք բանակը, որպեսզի այն կարողանա դիմադրել։ Հայաստանն այնքան էլ չի ողջունում, որ լրագրողները գան ու տեսնեն այդ տկարությունը, բայց մամուլի ազատությունն արգելելը միշտ էլ սխալ որոշում է»։