«Ցեղասպանությունը մոռանալու իրավունք մենք չունենք»․ Վարդան Պետրոսյան

25 Ապրիլի 2024, 22:45

Կարծիք

Ցեղասպանությունը չմոռանալու պատգամը պետք է ամենայն լրջությամբ ներդնել մեր կրթական համակարգում։ Այս մասին ապրիլի 24-ին Alpha News-ի մոսկովյան խմբագրությանը տված հարցազրույցում ասել է հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը, որը հյուրախաղերով Մոսկվայում էր։

Մասնավորապես, ապրիլի 23-ին Վարդան Պետրոսյանը Մոսկվայի հայ թատերասերների դատին է հանձնել իր վերջին բեմադրությունը՝ «Օրորոցային պատվիրանը», որն անցյալ տարվա մայիսից մինչև հոկտեմբեր ներկայացրել է Երևանում և Հայաստանի տարբեր քաղաքներում, իսկ հիմա՝ արտերկրում։

«Ցեղասպանությունը մոռանալու իրավունք մենք չունենք։ Միշտ ասում եմ, որ պետք է սովորենք հրեաներից։ Նրանք 10 պատվիրաններին ավելացրել են ևս մեկ պատվիրան՝ 11-րդը։ Եվ գիտե՞ք դա որն է՝ «ՄԻ ՄՈՌԱՑԻ՛Ր»։ Տեսեք՝ ինչ հանճարեղ լուծում է։ Պետություններ են, հարաբերություններ, վաղն ում հետ ասես կարող են պայամանգիր կնքել, համագործակցել, բայց նրանք չմոռանալու գործոնը բերել դարձրել են հոգևոր պատվիրան։

Սա պետք է որպես օրինակ վերցնել, պարբերաբար հիշեցնել և մեր կրթական համակարգում էլ չմոռանալու պատգամը պետք է ամենայն լրջությամբ ներառել»,- նշել է հանրահայտ դերասանը։

Հարցին, թե ինչո՞ւ է հայ մտավորականությունը Հայաստանի համար այս դժվար օրերին այդքան պասիվ, Վարդան Պետրոսյանն ասել է․

«Ես դժվարանում եմ ուրիշի անունից խոսել, բայց ինչ-որ չափով հասկանում եմ խնդրի էությունը։ Լուրջ խնդիր է և բազմաշերտ։ Շատ կարևոր խնդիրներից մեկն այն է, որ այսօր մենք ապրում ենք մի ինֆորմացիոն դաշտում, որտեղ հայկական միտքը պառակտված է և բզիկ-բզիկ եղած։

Մտավորական մարդը, եթե տարրական կարծիք հայտնի՝ անգամ իր մասնագիտության բերումով, այդ կարծիքը մինչև հանրությանը հասնի, հանդիպում է հազարավոր ստատուսների, մսխվում դրա մեջ և չմարսված դուրս է գալիս ու նոր հասնում մարդկանց։ Մտավորականության մի մասը չի ուզում դառնալ էդ հարձակումների զոհը։ Սա շատ վտանգավոր ժամանակահատված է, երբ դու վախենում ես կարծիքդ հայտնել։

Մի խումբ մտավորականներ էլ այսպես են ասում և արդարացիորեն, որ եթե ես մեկին մի բան եմ ասում, պիտի՞ խոսքս տեղ հասնի։ Եթե իմ խոսքը տեղ չի հասնելու այդ աղմուկ-աղաղակի, հայհոյանքների մեջ, այդ դեպքում էլ ինչի՞ եմ ասում։ Ինչ էլ ասես՝ մարդու միտքը պիտակավորված է»։

Ըստ Վարդան Պետրոսյանի՝ մյուս կողմից էլ լավ է, որ մտավորականները շատ չեն խոսում, քանի որ պետք է խոսեն կոմպետենտ, բանիմաց մարդիկ․

«Ցավալի է, երբ խոսում է անտեղյակ մարդը։ Չի՛ կարելի քաղաքական այսպիսի բարդ իրավիճակներում թատրոնի մարդուն, արվեստի մարդուն էսպիսի հարցեր տալ, դե ասացեք՝ ելքը ո՞րն է»։