Միանգամայն հնարավոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպեն Ղազախստանում. Ալեքսանդր Ցինկեր
27 Ապրիլի 2024, 12:30
Իսրայելում Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերը Alpha News-ին մեկնաբանել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպումը։
«Այսօր և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը տարբեր պատճառներով ցանկանում են նման հանդիպումներ անցկացնել ոչ ռուսական հարթակում։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա որոշակի խնդիրներ ունի Ռուսաստանի հետ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նա փորձում է սեփական խաղը խաղալ, քանի որ ավելի մոտ է Թուրքիային, քան Ռուսաստանին։ Եվ Ռուսաստանից մի փոքր հեռանալու այս ցանկությունը հանգեցրել է նրան, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, հնարավոր է, գնան Ղազախստան»,- ասել է Ցինկերը։
Ինչ վերաբերում է նրան, որ Արևմուտքը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկին, ապա, ըստ Ցինկերի, այսօր բոլորին առաջին հերթին հետաքրքրում են սեփական , այլ ոչ թե այլ երկրների խնդիրները։
«Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը բոլորին արդեն մի փոքր ձանձրացրել է, նրանք հոգնել են դրանից, ուստի հույս ունեն հնարավորինս շուտ վերջ տալ դրան։ Կարևոր չէ, թե ով է հաղթում կամ պարտվում, գլխավորը խաղաղություն հաստատելն է։ Այսօր և՛ Ամերիկան, և՛ Եվրամիությունը շատ ակտիվ են իրենց օրակարգում հիշատակում Երևանը։ Ժամանակը ցույց կտա՝ դա օգտակա՞ր է Հայաստանին, թե դա պարզապես Ռուսաստանի շուրջ սահմանամերձ երկրների դեմ պայքարի համար է, ժամանակը ցույց կտա»,- եզրափակել է Ցինկերը։