Երևանի ու Բաքվի միջև բաց երկխոսությունը կարևոր է առաջընթացի համար. ԱՄՆ պետքարտուղարություն

02 Հունիսի 2023, 10:15

Կարծիք

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է «Ամերիկայի Ձայնի» հարցմանը՝ խոսելով վարչապետ Փաշինյանի հայտնած այն տեղեկության մասին, թե հունիսի 12-ին Վաշինգտոնում սպասվում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում։

ԱՄՆ պետքարտուղարությունը կարևորում է Երևանի ու Բաքվի միջև բաց երկխոսությունն՝ առաջընթաց գրանցելու համար՝ ի պատասխան «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայության հարցմանն՝ արձագանքել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնյան, ով, սակայն, չի ցանկացել հրապարակել իր անունը։

«Ոգևորված ենք շարունակական ներգրավվածությամբ և առաջընթացով, որն առկա է խաղաղության համաձայնագրի շուրջ կողմերի միջև բանակցություններում, այդ թվում այսօր Քիշնևում տեղի ունեցած առաջնորդների հանդիպումը։

Բաց երկխոսությունը կարևոր է առաջընթացի համար՝ ներառյալ հեռանկարների լիարժեք ըմբռնումը:

Կշարունակենք խրախուսել երկխոսությունը և աջակցել կողմերին, երբ նրանք աշխատում են երկարատև և արժանապատիվ խաղաղության հասնելու համար»,- ասված է պետքարտուղարության պաշտոնյայի պատասխանում: