Իշխանությունը հայտարարել է, որ չի կարող երաշխավորել «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. հայտարարություն

30 Ապրիլի 2024, 13:30

Քաղաքականություն

«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտարարությամբ է հանդես եկել։

«Երեկ ՀՀ կառավարության շենքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կիրանց գյուղի բնակիչների հետ: Հանդիպումն անցել է ոչ հուսադրող մթնոլորտում՝ ոչ միայն չփարատելով բնակիչների մտահոգությունները, այլ ավելին՝ կիրանցիներին հուզող հարցերը մնացել են անպատասխան, ինչը հերթական անգամ վկայում է, որ ՀՀ գործող կառավարությունը չունի քաղաքական հստակ և այլընտրանքային ռազմավարություն՝ ապահովելու սեփական քաղաքացիների անվտանգությունը, պաշտպանելու նրանց կյանքի, գույքի ու սեփականության իրավունքը:

Իշխանությունը, միաժամանակ, հայտարարել է, որ չի կարող երաշխավորել սահմանազատման ենթարկված տարածքի «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը:

Իշխանությունը սպառեց Տավուշի մարզի Կիրանց գյուղի, հետևաբար նաև՝ ՀՀ սահմանազատման ենթակա մնացած մարզերի այլ համայնքների բնակիչներին պետական անվտանգային երաշխիքներ տրամադրելու վերջին հնարավորությունը:

Սա հերթական փաստն է, որ ՀՀ գործող ապօրինի իշխանությունը, սահմանազատման, ինքնիշխանության և խաղաղության կեղծ թեզերի շրջանառությամբ, տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի, որի սողացող նկրտումներն առաջիկայում ակնհայտ դրսևորվելու են Սյունիքում, Արարատում, Գեղարքունիքում:

ՀՀ իշխանությունը մսխել է հայկական դիմադրողականության ռազմաքաղաքական, անվտանգային և դիվանագիտական զինանոցը, և իր անկարողությամբ, բարոյալքված, ստահոդ ու կեղծ տեղեկատվական հոսքերով, բացառապես փորձում է ինքնաարդարանալ՝ ի գին ՀՀ և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի:

Տավուշեցին, հետևաբար՝ Հայաստանի քաղաքացին, վաղուց պաշտպանված չէ:

Իշխանությունը կորցրել է վստահությունը իր քաղաքական վարքաբանությամբ, շարքային քաղաքացու կյանքի ապահովման սահմանադրական և բարոյական պարտավորությունը լիարժեք ձախողելու պատճառով:

Վերահաստատում ենք, որ այս ամբողջ գործընթացն ապօրինի է, հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին, հետևաբար՝ պետք է կասեցվի»,- ասվում է հայտարարությունում։

Հիմա եթերում