Հայրենիքի կորստյան հարցն է, ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, վերականգնի մեր արժեքները. Արա Ռոստոմյան
07 Մայիսի 2024, 22:45
Սահմանազատման գործընթացի կասեցման պահանջով երթը շարունակվում է: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած երթն այսօր Կոտայքի մարզի Սոլակ գյուղից շարժվել է դեպի Չարենցավան քաղաք:
Alpha News-ի նկարահանող խումբը երթը լուսաբանել է տեղում և զրուցել քաղաքացիների հետ Տավուշից սկիզբ առած պայքարի նպատակների մասին:
«Որդիների կանչ» ՀԿ անդամ, 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը նշում է՝ պետք է հասնել նրան, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին։
«Մենք պետք է հասնենք նրան, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ ճշմարտությունը վերականգնվի։ Որպես զոհված զինվորի հայր ես միշտ ասել եմ ու էլի կասեմ՝ մեր որդիներին սպանել է ներկա իշխանությունը։ Մեր որդիների համար, երկիրը փրկելու համար մենք այսօր ոտքի ենք կանգնել»,- ասում է նա։
Ռոստոմյանը վստահ է՝ ներկա իշխանությունը ոչ արժանապատիվ ապրելու խնդիր է առաջ բերում իր գործողություններով։
«Մեր երկիրն օր օրի փոքրանում է, և մենք գնում ենէ ցավոտ զիջումների։ Սա ոչ թե սահմանազատում է, այլ ոչ արժանապատիվ ապրելու խնդիր, և այդ խնդիրը առաջ է բերում ներկա իշխանությունը։ Մեր տղաները արժանապատիվ են ապրել, մենք նրանց գործն ենք շարունակում»,- նշում է Արա Ռոստոմյանը։