«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հնարավոր է՝ այլ ելք ունենա․ Ռոբերտ Մարգարյան
14 Մայիսի 2024, 22:06
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հնարավոր է՝ այլ ելք ունենա, հնարավորությունները մեծ են հաջողելու։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը։
«Սփյուռքում մեծ հույսեր են կապել այս գործընթացի հետ։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նախորդ գործընթացներից որոշակիորեն տարբերվում է իր էությամբ ու այն գործիքակազմերով, որ կիրառվում են։ Մեծ հույսեր են արթնացել՝ հակառակ քաղաքական նախորդ շարժումների, որոնք, դժբախտաբար, արդյունք չունեցան։ Այս շարժումը հնարավոր է՝ այլ ելք ունենա ու ամեն ինչ առայժմ դա է հուշում, հնարավորությունները մեծ են հաջողելու։
Այդ ոգևորությունը փոխանցվում է մեզ՝ սփյուռքահայերիս։ Ոչ միայն հետևում ենք, այլև փորձում ենք մասնակիցը դառնալ այս շարժմանը։ Շատ բան չենք կարող այստեղից անել՝ բացի աջակցություն հայտնելուց, մեր հովանավորությունը ցույց տալուց»,- ասել է քաղաքագետը։
Մարգարյանը նշել է, որ մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ, միություններ, համայնքների ներկայացուցիչներ, Հայ դատի հանձնախմբեր իրենց աջակցությունն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։
«Շատերն այստեղ գիշերները չեն քնում, որ հետևեն ակցիաներին։ Ցավոք, այն մեթոդները, որ փորձում են այսօր կիրառել Հայաստանում, նույնը նաև ԱՄՆ-ում է կիրառվում։ Հետևում են հեռուստաընկերությունների աշխատանքներին, որ հիմնականում «նիկոլական» գաղափարախոսությամբ ու բառապաշարով են փորձում քարոզչություն տանել։ Թեև ընդգծում են, որ՝ այո՛, ինչ-որ մտահոգություններ կան, բայց նաև ասում են, որ նոր պատերազմի վտանգ կա։ Նույն սևացումներն են անում, այս ձևավորվող շարժումը կապում են նախկինների հետ, ինչ-որ անունների հետ»,- ընդգծել է Ռոբերտ Մարգարյանը։
Նա նաև անդրադարձել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, որ օրերս ԱՄՆ էր մեկնել ու այնտեղ կրկնել Նիկոլ Փաշինյանի թեզերը։
«ՀՀ նախագահը, որ վերջին օրերին այստեղ էր գտնվում, հարցազրույց էր տվել, որի ընթացքում նույն բառապաշարով փորձել էր կրկնել այն, ինչ Նիկոլ Փաշինյանն է ասում։ Նա չի ժխտել, որ Լոս Անջելես գալու իր հիմնական նպատակներից մեկը եղել է տարբեր կառույցների հետ հանդիպելը։ Նույն խոսքերը, որ Նիկոլ Փաշինյանն է ժողովրդին ներկայացնում սահմանազատման գործընթացի վերաբերյալ, նաև Վահագն Խաչատուրյանն էր փորձում համոզել մեր համայնքին»,- եզրափակել է Ռոբերտ Մարգարյանը։