Փաշինյանը դե՞մ է վրացական «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքին
16 Մայիսի 2024, 15:30
(Թուրքիան, Ադրբեջանը, ԱՄՆ-ը և Փաշինյանը դեմ են Վրաստանում աղմկահարույց օրենքի ընդունմանը)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․
«Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը․ հանրության մեջ առավել հայտնի է որպես «Օտարերկրյա գործակալների մասին օրենք», որը դարձավ Վրաստանում զանգվածային բողոքի ակցիաներ կազմակերպելու պատճառ՝ նպատակ ունենալով տապալել «Վրացական երազանքի» իշխանությունը, որը գլխավորում է վրացի գործարար Բիձինա Իվանիշվիլին։
Եթե ամփոփենք այն, ինչ կատարվում է բուն Վրաստանում, մի շարք միջազգային դերակատարների արձագանքն այս իրադարձություններին, ապա կարող ենք արձանագրել, որ այսպես կոչված «կոլեկտիվ Արևմուտքը»՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, իրական քաղաքական պատերազմ է հայտարարել Վրաստանի ներկայիս իշխանություններին՝ նպատակ ունենալով տապալել Իվանիշվիլիի կառավարությունը։ Սա իր հերթին հնարավորություն կստեղծեր Թբիլիսիում ձևավորել այնպիսի կառավարություն, որը նույնքան արևմտյան կողմնորոշում կունենա, որքան Ուկրաինայի կառավարությունը։ Ինչն, իր հերթին, մեծ հավանականութամբ հնարավոր կդարձնի Ռուսաստանի Դաշնության դեմ երկրորդ ճակատի բացումը (պատերազմի բռնկում Աբխազիայի և Հարավային Օսիայի համար), ինչը չի կարող չազդել Ուկրաինայում Ռուսաստանի դիրքերի վրա։
Թուրքիան հնարավորություն կունենար վերահսկողության տակ առնել ողջ Հարավային Կովկասը, Ադրբեջանը, օգտվելով Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև պոտենցիալ պատերազմից, կարող է փորձել գրավել վրացական մի շարք տարածքներ, իսկ Հայաստանը կօգտագործեր Վրաստանում հակառուսական իշխանության փաստը՝ Ռուսաստանի Դաշնության հետ ՀՀ տնտեսական համակարգի դեզինտեգրումը արագացնելու համար: Հակառուսական քաղաքականության իրականացման համատեքստում է, որ Հայաստանի իշխանությունների համար կարևոր է Վրաստանի կառավարության անկումը։
Ընդհանրապես, Վրաստանում շարունակվող բողոքի ցույցերի մեջ կա ևս մեկ ուշագրավ նրբերանգ՝ հավաքական Արևմուտքը, որը հաճախ սիրում է «ինքնիշխանության համար պայքարի խաղաքարտը օգտագործել» աշխարհի այս կամ այն մասում, որտեղ ցանկանում է իշխանափոխություն իրականացնել, բացահայտորեն միջամտում է Վրաստանի ներքաղաքական գործընթացներին։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռից մինչև Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը խոսում են Վրաստանի հետ հարաբերությունները վերանայելու մասին, եթե երկրում չվերանայվի օտարերկրյա հասարակական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակող օրենքը, այլ կերպ ասած, սպառնում են պատժամիջոցներով։ Լատվիայի, Էստոնիայի, Լիտվայի և Իսլանդիայի արտգործնախարարները մայիսի 15-ին մեկնել են Թբիլիսի՝ քննարկելու «երկրում առկա իրավիճակը», բայց պարզ է, որ նրանք այցելել են Վրաստան՝ ընդդիմությանը սատարելու համար, և զարմանալի չի լինի, եթե այս պաշտոնյաները, ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին աշխատակից Վիկտորիա Նուլանդի օրինակով, «հայտնվեն Ռուսթավելի պողոտայում և սկսեն ցուցարարներին թխվածքաբլիթներ բաժանել»։
Կարևոր է նշել նաև այն, որ վրացական ոստիկանության գործողությունները ցուցարարներին ցրելու հարցում դաժան և միանշանակ քննադատության են ենթարկվում արևմտյան հանրության ներկայացուցիչների կողմից, մինչդեռ Հայաստանում նմանատիպ գործընթացները «քաղաքակիրթ աշխարհի սպիտակ պարոնների» մոտ չեն նկատվում
Սա իր հերթին մեզ բերում է տրամաբանական եզրակացության՝ Վրաստանում իշխանափոխությունը շանս է Արևմուտքի համար, և հետևաբար նրանք ամեն կերպ հարձակվելու են վրացական իշխանության վրա։ Իսկ Հայաստանում իշխանափոխությունը մարտահրավեր է Արևմուտքին, Թուրքիային և Ադրբեջանին, և հետևաբար «քաղաքակիրթ աշխարհը» լռելու է, եթե անգամ հայաստանյան գործընթացները տարբերվեն ցուցարարների նկատմամբ բիրտ ուժի կիրառմամբ։
Սա պետք է հասկանալ և համապատասխան մարտավարական ու ռազմավարական վերլուծություններ ու եզրակացություններ անել…
Մտածե՛ք այդ մասին…»։