Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ

16 Մայիսի 2024, 16:00

Քաղաքականություն

Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ, կազմակերպությունը շարունակում է աշխատանքը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը:

«Սա ողբերգություն չէ, կազմակերպությունը շարունակում է աշխատանքը», — ասել է նա՝ պատասխանելով Հայաստանի կողմից ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորման դադարեցման մասին հարցին:

Խոսելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի մասնակցության մասին՝ նա նշել է, որ դա ձեռնտու է Երևանին, և որ երկիրը շարունակելու է իր գործունեությունն այդ միջազգային կառույցում:

«Ես չեմ կարող Հայաստանի ղեկավարության համար որոշել, թե ինչ են ուզում անել ապագայում, ինչ շահերով են առաջնորդվում, բայց որ սա փոխշահավետ գործընթաց է և նախագիծ, դա միանշանակ է։ Դա վիճակագրորեն հաստատված է Հայաստանի տնտեսության աճի տարբեր ցուցանիշներով, ապրանքային արտադրական կոոպերացիայի հոսքերում նրա ներգրավվածությամբ», — ասել է փոխնախարարը՝ պատասխանելով ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության մասին հարցին։