Չեխիայում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր
18 Մայիսի 2024, 17:30
Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքում երեք օր կանցկացվեն հայկական մշակույթի օրեր։ Մայիսի 24-26-ը Պրահայի տարբեր հատվածներում կանցկացվեն տարբեր միջոցառումներ։ Հայ ավանդական հագուստ, հայ ժամանակակից նկարիչների կտավներ, հայ ժողովրդական երգի համերգ. մշակութային օրերի ծրագիրն այսքանով չի սահմանափակվում։
«Հայկական տարազ և գեղանկարներ» խորագրով ցուցադրության ընթացքում մայիսի 25-26-ը «Dům národnostních menšin» (Ազգային փոքրամասնությունների տուն) հանրությանը կներկայացվեն Տերյան մշակութային կենտրոնի նմուշները։ «ArtInsigt» հարթակի հետ համագործակցությամբ կներկայացվեն հայ նկարիչներ Հրաչյա Վարդանյանի, Կարեն Բարսեղյանի, Հարություն Կարապետյանի, Կարեն Պետրոսյանի, Գևորգ Սարգսյանի (Ճալա/ Djala), Վահագն Համալբաշյանի, Լևոն Ֆլջյանի, Գագիկ Չթչյանի, ինչպես նաև Մոկո Խաչատրյանի և Հրանտ Հարությունյանի նկարները։
Օրերի շրջանակում մայիսի 26-ին Պրահայի Հայ առաքելական եկեղեցում կկայանա համերգ, որին հանդես կգա սոպրանո Վարինե Մկրտչյանը։ Կանցկացվեն նաև դասախոսություններ հայ մշակույթի տարբեր տարրերի թեմաներով։ Մայիսի 25-ին Ֆրանսիական ինստիտուտի տարածքում կցուցադրվի Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը։