Մեր երկրի զարգացման հիմքում պետք է դրված լինի ճշմարտության և արդարության գաղափարը․ Բագրատ Սրբազան

17 Մայիսի 2024, 18:45

Քաղաքականություն

Գտնվում ենք կարևոր ու շրջադարձային փուլում։ Գիտեք՝ ինչ է տեղի ունենում մեր երկրում և մենք ինչ մարտահրավերների առջև ենք կանգնած՝ ոչ միայն աշխաարհաքաղաքական իմաստով, այլև հատկապես ներքին կյանքի և ոլորտային իմաստով: Այս մասին բժշկական համայնքի հետ հանդիպման ժամանակ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորող, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Մեր երկրում ինստիտուտուցիոնալ կյանքն այլևս չի գործում, գործում է զուտ բարեկամական, քմահաճույքների, թելադրանքների ծիրից ներս գտնվող գործելաոճը՝ բոլոր ոլորտներում՝ անխտիր։ Համակարգային գործունեությունը մեր երկրում դադարել է բոլոր ոլորտներում: Ամենակարևոր հարցը, որը մեր երկրի զարգացման հիմքում պետք է դրված լինի՝ որպես գաղափարաբանություն, ճշմարտության և արդարության գաղափարն է։ Բոլոր ոլորտներում, եթե չի գործում ճշմարտության և արդարության գաղափարը, ուրեմն ամեն ինչ կախված է մարդու քմահաճույքից»,- ասաց Սրբազանը։