«Երազանքս ամուր եմ բռնել». պատանի հադրութցին` իր ծրագրերի մասին

05 Հունիսի 2023, 14:35

Հայեր

Հադրութցի 15-ամյա Գոռ Աբրահամյանը, 44-օրյա պատերազմից հետո հաստատվելով Ստեփանակերտում, մանկության հուշերն ամուր բռնած, փորձում է կերտել երազած ապագան։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գոռը պատմել է, որ պատերազմից հետո շարունակել է հաճախել մայրաքաղաքում վերաբացված Հադրութի Արվեստի դպրոց։

«Հինգ տարեկանից Արվեստի դպրոցի սան եմ։ Սկզբից հաճախում էի վոկալի բաժին, այնուհետև՝ դաշնամուրի, երաժշտական գրականություն սովորում։ Բայց ինձ շարունակեց հոգեհարազատ մնալ վոկալը։ Դրա համար էլ փորձեցի առաջ ընթանալ հենց այդ ուղղությամբ։

Մասնակցել եմ տարբեր մրցույթների և մրցանակային տեղեր գրավել։ Էջմիածնում կայացած «Փոքրիկ քայլ» երաժշտական մրցույթի գլխավոր մրցանակին եմ արժանացել, ինչն ինձ համար մեծ ձեռքբերոմ էր»,- պատմել է Գ. Աբրահամյանը։

«Արցախպրես»-ի զրուցակիցն անկեղծացել է` նպատակ ունի ընդունվելու Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ։ Վստահեցնում է՝ իր երազանքն ամուր է բռնել, որպեսզի հաջողություններ արձանագրի ու Հադրութի պատիվը բարձր պահի։

«Ընդունելությունը կկազմակերպվի հունիս-հուլիս ամիսներին, բայց քանի որ կյանքի ճանապարհը փակ է, չգիտեմ` ինչ կստացվի։ Հույսս չեմ կորցնում, ամեն ինչ լավ է լինելու»,-ընդհանրացրել է Գ. Աբրահամյանը։