Ոչ միայն վերապրելու եք, այլև կործանարար մոխիրների միջից ստեղծելու եք գեղեցկություն. Քերոլայն Քոքս
05 Հունիսի 2023, 16:48
«Երբեք այսքան մտահոգված չեմ եղել Արցախի ապագայով, որքան այսօր: 2020 թվականին Ադրբեջանը Թուրքիայի և նրա դաշնակից ջիհադիստ զինյալների անմիջական աջակցությամբ նվաճեց Արցախի երկու երրորդն ու բնակչությանը ենթարկեց էթնիկ-կրոնական զտման տարբեր միջոցներով՝ կալանավորումից, խոշտանգումներից մինչև գերիների սպանություն:
Ադրբեջանը դիմեց հետագայում ռազմական ներխուժման և օկուպացրեց ՀՀ-ին պատկանող տարածքներ: Արցախի ներկայիս շրջափակումը և ամբողջ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջները վկայում են այս տխուր իրականության մասին»,- բարոնուհի Քերոլայն Քոքսը նամակով դիմել է Արցախի ժողովրդին և իր սրտակցությունը հայտնել նրանց:
Քոքսը մտահոգություն է հայտնել, որ 120.000 անմեղ հայեր Արցախում բախվել են գոյաբանական ճգնաժամի, քանի որ ըստ նրա, ստեղծված պայմանները քրիստոնյա հայերին ցեղասպանվելու վտանգի առջև են կանգնեցրել:
«Ձեր ժողովուրդը տառապել է և շարունակում է տառապել միջազգային ամենալուրջ հանցագործության պատճառով: Անձամբ ականատես եմ եղել տեղահանումների, վայրագությունների, բռնի տեղահանությունների: Այդ ընթացքում աշխարհն ընտրություն է կատարել փակել իր աչքերը ձեր տառապանքների վրա: Նույնիսկ ձեր ամենամտերիմ դաշնակիցները կա՛մ չեն նկատել, կա՛մ անտեսել են ցեղասպանության նախազգուշացման նշանները:
Այս դժվարին օրերին ես իմ համերաշխությունն եմ հայտնում Արցախի հայերին: Մեծ վստահություն ունեմ, որ դուք ճգնաժամը հաղթահարելու եք մեծ քաջությամբ, տոկունությամբ, զոհաբերությամբ և սիրով: Դուք ոչ միայն վերապրելու եք, այլ նաև կործանարար մոխիրների միջից ստեղծելու եք գեղեցկություն», — արցախցիներին հուսադրել է Լորդերի պալատի ներկայացուցիչ Քոքսը:
Նա հիշեցրել է, որ 1990 թվականից մինչև հիմա 88 անգամ այցելել է Արցախ և բախտ է ունեցել վայելելու արցախցիների սերը սեփական պատմության, երաժշտության, պարի հարուստ մշակույթի հանդեպ, ինչպես նաև արցախցիների՝ մարդու շունչ կտրելու աստիճան գեղատեսիլ բնության հանդեպ սերը՝ խիտ անտառներ, բերրի արահետներ, բյուրեղապակե պարզություն ունեցող գետեր:
«Ինձ օրհնված եմ համարում, քանի որ այդտեղ ինձ բախտ է վիճակվել հանդիպել հրաշալի մարդկանց, որոնցից շատերը Անատոլիայում տեղի ունեցած Ցեղասպանության զոհերի ժառանգներն են կամ հենց իրենք են Սուգայիթում ու Բավքում հայերի դեմ իրականացված պոգրոմների, Արցախում էթնիկ ու կրոնական զտման ենթարկված զոհերը:
Ես տպավորված եմ արցախցիների միասնականությամբ հանուն գաղափարի՝ ապրել խաղաղ, արժանապատիվ և անվտանգ կյանքով իրենց իսկ պատմական հողում: Այս ամենի հանդեպ ունեցածս կարոտը շարունակում է լցնել իմ սիրտը», — գրել է բարոնուհին:
Նրա կարծիքով՝ եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, և հետագայում Ադրբեջանն այն խախտի, ապա ինչպես պատմությունն է ցույց տվել, միջազգային տերությունները չեն ցանկանա միջամտել:
Նա օրինակ է բերել 3 տարի առաջ տեղի ունեցածը՝ 2020-ի նոյեմբերին ՌԴ միջնորդությամբ հաստատված զինադադարի համաձայն՝ Ադրբեջանը խոստացել էր «կանգ առնել ներկայիս դիրքերում», սակայն ադրբեջանական զինուժն այդ ժամանակվանից անարգել առաջ է անցել նոր տարածքներում։
Ադրբեջանը խոստացել էր «ռազմագերիների փոխանակում», սակայն տասնյակ հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում: Ադրբեջանը պատասխանատվության չի ենթարկվել 2020 թվականի հրադադարը խախտելու համար:
«Մնում է միայն ենթադրել, որ ներկայիս բանակցությունների միջոցով ձեռք բերված համաձայնությունն իր ներկայիս տեսքով Արցախի հայերին խաղաղության երաշխիք չի տա», — այս կարծիքն է հայտնել Քերոլայն Քոքսը:
Նամակի վերջում բարոնուհին իր աղոթքներն է հղել Աստծուն, որ հայերը երկար ապրեն անկախ Հայաստանում և անկախ Արցախում: