ԱՄՆ-ն ուսումնասիրում է, թե ինչպես կարող է ամրապնդել աջակցությունը Հայաստանին․ Էնթոնի Բլինքեն

23 Մայիսի 2024, 10:40

Քաղաքականություն

Ամերիկայի Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Հայաստանի մի շարք դիմումներ, թե ինչ կարող է Միացյալ Նահանգներն անել Հայաստանին աջակցությունն ամրապնդելու և երկրի հետ հարաբերությունները խորացնելու համար։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովում լսումների ժամանակ այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ պատասխանելով կոնգրեսական Ջիմ Կոստայի հարցին։

«Մենք ուսումնասիրում ենք Հայաստանի մի շարք դիմումներ հասկանալու համար, թե ինչ կարող ենք անել, որպեսզի ամրապնդենք աջակցությունը Հայաստանին և խորացնենք հարաբերությունները Հայաստանի հետ։ Ես շաբաթներ առաջ Բրյուսելում հանդիպել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենի հետ, որպեսզի տեսնենք, թե ինչ կարող ենք անել մենք և Եվրամիությունը Հայաստանին աջակցելու համար, և մենք առաջ ենք շարժվելու այդ ուղղությամբ»,- ասել է Բլինքենը։

Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր ոլորտներում արտասովոր աշխատանք է արել՝ երկիրը ղեկավարելով շատ բարդ ժամանակահատվածում։

Բլինքենը նաև հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան համաձայնության հասնել խաղաղության պայմանագրի հարցում։