Վեհափառ հայրապետին խնդրել եմ 30-ամյա իմ հոգևոր ծառայությունը սառեցնել. Բագրատ սրբազան

26 Մայիսի 2024, 17:50

Քաղաքականություն

Պրոֆեսոր, արևելագետ Գուրգեն Մելիքյանը Հանրապետության հրապարակում հայտարարեց անցումային կառավարության վարչապետի թեկնածուի անունը։

«Այսօր մեզ պետք է մեկը, որը կարող է վերցնել պատասխանատվությունը, համախմբել բոլորին, գիտի` ինչ է հայրենիքը, մարդկային կյանքը, պատասխանատվությունը, խաղաղությունը, մարդ, որ կարող է մեզ հույս բերել ու փակել պատերազմի դուռը։ Եւ այդ մարդը Բագրատ Սրբազանն է»,- նշեց պորֆեսորը։

Հանրահավաքի ժամանակը Բագրատ Սրբազանն էլ հայտարարեց, որ կսառեցվի իր հոգևոր ծառայությունը, որն անհամատեղելի է վարչապետի թեկնածու լինելու հետ։

«Ես երբեք՝ իմ կյանքի որևէ հանգամանքում չեմ խուսափել որևէ պատասխանատվությունից, ստանձնել եմ, սխալների դեպքում ընդունել, անդրադարձել և փորձել սրբագրել կամ հեռանալ, բարիքի դեպքում՝ տարածել իմ շուրջը գտնվող ժողովրդի վրա որպես նրանց ձեռքբերումն այս կյանքում։

Այս իմաստով, նկատի ունենալով լայն շրջանակների ակնկալությունը, անկեղծ, լեզուս էլ չի պտտվում ասելու՝ վարչապետի թեկնածու լինելու առնչությամբ, Վեհափառ հայրապետի հետ, իր նախագահությամբ հոգևոր եղբայրների հետ ունեցած քննարկումների արդյունքում անդրադարձ ենք ունեցել, որ ես իմ հոգևոր հանգամանքի հետ չեմ կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու պարագան։ Այդ պատճառով ես Վեհափառ հայրապետին և իմ հոգևոր եղբայրներին, ներկայացնելով իմ իրավիճակը, խնդրել եմ այս երեսնամյա իմ հոգևոր ծառայությունը սառեցնել»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը: