Պառակտման շեմին կանգնած Հայաստանին պետք է մեկը, որ կկարողանա միաբանել բոլորին․ Սամվել Լուլուկյան
03 Հունիսի 2024, 22:39
Խայտառակություն բառն էլ է քիչ նկարագրելու ոստիկանության գործողությունները։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանը։
«Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը խստորեն դատապարտում է մայիսի 28-ին՝ Հայոց պետականության վերականգնման օրը, Սարդարապատի հուշահամալիրի մոտ տեղի ունեցած անթույլատրելի ու ամոթալի գործողությունները։
Խայտառակություն բառն էլ է քիչ դա նկարագրելու համար, կարմիր գիծն արդեն անցել են։ Այս վիրավորանքը միայն Վեհափառի նկատմամբ չէ, մենք պետք է հասկանանք, որ այս արարքով վիրավորեցին բոլոր նրանց, որոնք Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ են»,- նկատել է Լուլուկյանը։
Մեր զրուցակիցն անդրադարձ է կատարել նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ ոստիկանների կողմից բիրտ ու անհամաչափ ուժ կիրառելուն։
«Սա ուղղակի անթույլատրելի է։ Յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ նման վայրագություն չպետք է թույլ տալ, 40 հոգով հարձակվե՞լ մեկ հոգու վրա։ Պետք է հետաքննություն անցկացվի»,- ասել է Alpha News-ի զրուցակիցը։
Նրա փոխանցմամբ՝ ժողովրդին պետք է մեկը, որ կկարողանա միաբանել բոլորին։
«Մենք աջակցում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, որը հոգևոր, արդարության շարժում է։ Պառակտման շեմին կանգնած Հայաստանին պետք է մեկը, որ կկարողանա միաբանել, միավորել հայ հասարակությանը։ Մեր պարտության պատճառներից մեկն էլ եղել է հենց այս պառակտումը»,- եզրափակել է Սամվել Լուլուկյանը։