Իրանը ցանկանում է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալ
04 Հունիսի 2024, 13:45
Իրանը շահագրգռություն է հայտնել ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության կարգավիճակ ստանալու հարցում: Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար Բակիտժան Սագինտաևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Համապատասխան գրությունը ստացել ենք մայիսի 27-ին։ Այն կքննարկվի սահմանված կարգով», — ասել է նա։
Ինչպես հիշեցրել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, այդ կարգավիճակը ստանալու համար կան որոշակի ընթացակարգեր։ Սակայն եթե դրանք իրականացվեն, ապա Իրանը կարող է դիտորդ դառնալ այս տարվա դեկտեմբերի վերջին։
Այժմ ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։ Կազմակերպությանը կից դիտորդի կարգավիճակ ունեն Ուզբեկստանը, Կուբան և Մոլդովան: