Մոսկվայում կներկայացվի «Հայկական Տրետյակովի» ժառանգությունը

07 Հունիսի 2024, 09:40

Մշակույթ

Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում հունիսի 5-ից օգոստոսի 11-ը կներկայացվի մոսկվացի բժիշկ, խորհրդային ուրոլոգիայի դպրոցի հիմնադիր, 19-20-րդ դարավերջի Ռուսական արվեստի կոլեկցիոներ Արամ Աբրահամյանի հավաքածուն, որն այժմ պահվում է Երևանի Ռուսական արվեստի թանգարանում:

«Մոսկվա-Երևան-Մոսկվա. Ռուսական արվեստի թանգարան. Ա. Աբրահամյանի հավաքածու» ցուցահանդեսը կներկայացնի Կ. Ա. Կորովինի, Ա. Ն. Բենուայի, Բ. Մ. Կուստոդիևի, Կ. Ս. Պետրով-Վոդկինի և այլ նկարիչների կտավները:

Միջազգային ցուցահանդեսային նախագծի շրջանակներում առաջին անգամ կցուցադրվեն գործեր, որոնք նախկինում պատկանում էին պրոֆեսոր Ա. Աբրահամյանին։ Դրանք այժմ գտնվում են Երևանի Ռուսական արվեստի թանգարանի ֆոնդերում և մայրաքաղաքի մասնավոր հավաքածուում: 1970-1980-ական թվականներին Աբրահամյանի հավաքածուն իրենից ներկայացնում էր 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ռուսական գեղանկարչության խոշորագույն հավաքածուներից մեկը Մոսկվայում:

Ցուցահանդեսը հնարավորություն կտա պատկերացում կազմել այդ եզակի հավաքածուի, ինչպես նաև կոլեկցիոների անձի մասին, ում անվանում էին «Հայկական Տրետյակով»:

Բժիշկ, գիտությունների դոկտոր, Մոսկվայի տարածաշրջանային կլինիկական ինստիտուտի պրոֆեսոր Արամ Աբրահամյանը (1898-1990) ռուսական գեղանկարչության հայտնի կոլեկցիոներ է: