Արևմուտքի ճնշման արդյունքում Երևանի և Մոսկվայի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը նվազել է. ՌԴ ԱԳՆ

05 Հունիսի 2024, 10:46

Քաղաքականություն

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե արդյոք նախատեսվում են ռուս-հայկական նոր բանակցություններ երկու երկրների հարաբերություններում կուտակված խնդիրների շուրջ, և ինչ մակարդակով կարող են դրանք տեղի ունենալ։

«Մենք չենք ընդհատել երկկողմ շփումները Հայաստանի հետ, ինչպես մյուս գործընկերների հետ։ Օրերս՝ մայիսի 8-ին, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստի շրջանակում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանգամանալից զրույցը: ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն իր հայ գործընկերոջը հանդիպել է փետրվարին:Առավել էական արդյունքներ ունենք առևտրատնտեսական ոլորտում։ Տնտեսական համագործակցության երկկողմ միջկառավարական հանձնաժողովն արդյունավետ է աշխատում»,- ասել է նա՝ հավելելով, որ, ցավոք, նույնը չի կարող ասել երկու երկրների հարաբերությունների մասին՝ քաղաքական առումով։

Ըստ Գալուզինի՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարբերաբար շփվում են, այդ թվում՝ ԵԱՏՄ հանդիպումների շրջանակներում։

«Մենք համագործակցում ենք հայ գործընկերների հետ մշակութային և հումանիտար ոլորտներում: Ցավոք սրտի, նույնը չեմ կարող ասել քաղաքական շփումների մասին։ 2023 թվականի նոյեմբերից արտգործնախարարների հանդիպումներ չեն եղել: Գործընկերները շահագրգռված չէին մեր առաջարկությամբ՝ մշակելու և կնքելու արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունների մեկ այլ ծրագիր։ Մեր մեղքով չէ, որ պաշտպանության գերատեսչությունների միջև շփումների դինամիկան նկատելիորեն նվազել է։

Նվազել է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Մենք դա տեսնում ենք որպես Արևմուտքի ճնշման արդյունք, որ փորձում են Երևանին ստիպել նվազագույնի հասցնել կապերը մեր երկրի հետ։ Այդուհանդերձ, հուսով ենք, որ Հայաստանի իշխանությունների` խնդրահարույց հարցերի վերացման ուղղությամբ աշխատելու հրապարակային հնչեցրած տրամադրվածությունը գործնականում էլ կդրսևորվի։ Մենք պատրաստ ենք դրան»,- եզրափակել է Գալուզինը։