Մացիևսկի. ՀՀ և ՌԴ արվեստագիտության հաստատությունները պատմականորեն կապված են միմյանց հետ և սերտ համագործակցում են
07 Հունիսի 2023, 11:45
Երեկ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է «Լեռնցի ժողովուրդների ավանդական գեղարվեստական մշակույթի պրոբլեմները: Պատմատիպաբանական կապերն ու զուգահեռները Եվրասիայի ժողովուրդների ավանդական և ակադեմիական արվեստում» եռօրյա միջազգային գիտագործնական ֆորումը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյա հոբելյանին։ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, ֆորումը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Արվեստների պատմության ռուսաստանյան ինստիտուտի (Սանկտ Պետերբուրգ) առաջին համատեղ գիտական միջոցառումն է։
Ֆորումի մասնակիցներին ողջունել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը։
«Անցյալ տարի ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Արվեստների պատմության ռուսաստանյան ինստիտուտի միջև ստորագրվեց համագործակցության պայմանագիր։ Այսօր մեր առաջին համատեղ գիտական միջոցառումն է։ 2023 թվականը հոբելյանական է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի համար, որը նշում է հիմնադրման 80-ամյակը։
Հոբելյանական տարվա ընթացքում Արվեստի ինստիտուտը մտադիր է անցկացնել գիտական միջոցառումների շարք՝ նվիրված այս փառավոր հոբելյանին։ Եվ շատ խորհրդանշական է, որ այս շարքի առաջին ակորդը հնչում է մեր պետերբուրգյան գործընկերների հետ միասին։
Այսօր՝ հունիսի 6-ին, հայ և ռուս ժողովուրդների մեծ զավակներ Արամ Խաչատրյանի և Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրն է։ Այս առումով ես առաջարկում եմ ամեն տարի հունիսի 6-ին համատեղ գիտական միջոցառումներ կազմակերպել Երևանում և Սանկտ Պետերբուրգում։
Եվ քանի որ 2024 թվականին նշվելու է Պուշկինի 225-ամյակը, առաջարկում եմ Երևանում անցկացնել համատեղ միջազգային գիտաժողով՝ նվիրված «Պուշկինի կերպարը արվեստում» թեմային»,- ասել է Աննա Ասատրյանը։
Ֆորումի մասնակիցներին ողջունել է Արվեստների պատմության ռուսաստանյան ինստիտուտի գործիքագիտության սեկտորի վարիչ, կոմպոզիտոր, գործիքագետ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Իգոր Մացիևսկին։
Նա նշել է, որ Հայաստանի և Ռուսատանի արվեստագիտության հաստատությունները պատմականորեն կապված են միմյանց հետ և սերտ համագործակցում են։ Նա հիշատակել է հայ արվեստագետների, ովքեր մեծ ներդրում ունեն Ռուսաստանի մշակույթի զարգացման գործում։ Իգոր Մացիևսկին մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք։
Ֆորումին զեկուցումներով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Արվեստների պատմության ռուսաստանյան ինստիտուտի մասնագետները, հետազոտողներ Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Գերմանիայի, Չեռնոգորիայի, Բելառուսի գիտական տարբեր կենտրոններից։
Ֆորումի շրջանակներում հունիսի 7-ին՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում տեղի կունենա կլոր սեղան՝ «Ավետ Տերտերյան. «ռուսական-սովետական սիմֆոնիզմը» հայկական համատեքստում» թեմայով, իսկ հունիսի 8-ին կլոր սեղան՝ «Կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի աշխարհի սիմֆոնիան» թեմայով: