Իրանը մարդասիրական օգնություն է ուղարկել Ալավերդի
07 Հունիսի 2024, 16:03
Արդեն Հայաստանում է Իրանի կողմից փոխանցված մարդասիրական օգնությունը ՀՀ Լոռու մարզում հեղեղներից տուժած բնակչությանը, որը իրանական Կարմիր Մահիկի և Հայկական Կարմիր Խաչի ընկերության աշխատակիցները հունիսի 7-ին կհասցնեն Ալավերդի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կապակցությամբ Հայկական Կարմիր խաչի ընկերությունում տեղի է ունեցել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Բահրամ Թահերիի, քաղաքական հարցերով խորհրդական Մուհամեդ Ջավադ Ալավիի, Իրանի Կարմիր մահիկի ներկայացուցչի և Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանի հանդիպումը։
Իր խոսքում Դավիթ Ներսիսյանը նախ ցավակցություն է հայտնել ուղղաթիռի վթարից Իրանի նախագահի և նրան ուղեկցող պաշտոնյաների մահվան կապակցությամբ, որից շատ չանցած ՀՀ Լոռու մարզում տեղի ունեցավ սարսափելի բնական աղետը։
Նա խորհրդանշական է համարել, որ Հայաստանում տեղի ունեցած բնական աղետին, որի հետևանքով մարդիկ զոհվեցին, առաջիններից մեկն արձագանքեց հենց Իրանի Կարմիր մահիկը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցություն ցուցաբերել տուժածներին։