Եթե շրջափակումը շարունակվի, ապա աշնանն ու ձմռանը էներգետիկ լուրջ խնդիր ենք ունենալու. ՄԻՊ-ը՝ Սարսանգի ջրամբարի դատարկվելու մասին

07 Հունիսի 2023, 13:48

Առաջին հերթին | Կարծիք

Եթե շրջափակումը շարունակվի, ապա աշնանն ու ձմռանը էներգետիկ լուրջ խնդիր ենք ունենալու: Այս մասին Alpha News-ի եթերում ասել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն՝ անդրադառնալով Արցախում էներգետիկ ճգնաժամին եւ Սարսանգի ջրամբարի դատարկվելուն:

«Միջազգային հանրությունը սրա մասին տեղեկացված է: Թե՛ ես, թե արցախցի այլ պաշտոնյաներ, երեկ հանդիպում ենք ունեցել միջազգային բարձրաստիճան պաշտոնյայի հետ, որին ներկայացրել ենք Սարսանգի ջրամբարի խնդիրը: Հանդիպումը խորհրդատվական բնույթ ուներ, այլ մանրամասներ չեմ կարող նշել, բայց բոլոր սպառնալիքները, որոնք կան եւ սպասվում են, ներկայաացվել են միջազգային հանրության ներկայացուցիչներին, այդ թվում՝ երեկվա մեր հանդիպմանը»,- նշել է Գեղամ Ստեփանյանը:

Անդրադառնալով էկոլոգիական աղետի շուրջ միջազգային հանրության լռությանը, Արցախի ՄԻՊ-ն ասել է.

«Շրջափակման 6 ամիսը ցույց է տվել, որ միջազգային հարաբերություններում հայտարարված մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության օրակարգը զիջում է պետությունների տնտեսական, քաղաքական շահերի օրակարգին եւ որեւէ կերպ առաջնահերթություն չի համարվում:

Երբ մենք տարբեր շփումների ժամանակ բարձրաձայնում ենք, թե ինչպես է ստացվում, որ երկակի ստանդարտներ են կիրառվում, երբ մեր բարձրաձայնած հարցերը մնում են անհասցե կամ լավագույն դեպքում բավարարվում են միայն հայտարարություններով, ուղերձներով, իսկ այլ դեպքերում հետեւում է միջազգային հանրության համախմբվածությունն ու միասնական պատասխանը, միշտ էլ լղոզված ու ոչ հստակ պատասխան ենք ստանում, թե նպատակը անկողմնակալ միջնորի դերը շարունակելն ու կողմերին խաղաղության տանելն է»:

Հիշեցնենք՝ 2022 թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելու հետեւանքով էներգետիկ ճգնաժամ է սկսվել Արցախում, որը մեղմելու համար Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ֊ն աննախադեպ ռեժիմով էր սկսել աշխատել, ինչի հետեւանքով ջրամբարն այսօր գրեթե դատարկվել է: