Վաղվանից սկսած`ընդամենը 4 օր, առանց դադարի լինելու ենք փողոցում. Բագրատ Սրբազան
09 Հունիսի 2024, 20:27
Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ պայմանագիրը, որ ստորագրվելու է, խաղաղության համար չէ։
«Ինչպես գաղտագողի, բոլորիցս թաքուն այս մարդիկ գնացին Տավուշ և միակողմանի զիջումների և զորքերի հետքաշման գործընթացը սկսեցին, այդպես էլ մեկ ամսվա ընթացքում՝ ինչպես արդեն ԱԳ նախարարը դրա անոնսը արել է՝ պատրաստ են Ադրբեջանի հետ պայմանագիր ստորագրել։ Այս պայմանագիր կոչվածը բացարձակ կապ չունի խաղաղության հետ, այս պայմանագրով ոչ մի հարց չի լուծվում, ադրբեջանական զորքերը մեր տարածքներից դուրս չեն գալիս, որևէ կերպ չեն զսպվում ադրբեջանական նոր հարձակումները՝ փոխարենը վավերացվում են ուժի սպառնալիքով։ Սա ոչ թե խաղաղության, այլ միակողմանի, նոր զիջումների փաստաթուղթ է, որը նոր ու ծանր հարված է մեր պետականությանը, ինքնիշխանությանը և ինքնությանը։
Այս պահանջները վերջ չունեն և այս մարդիկ, այսպես կոչված, Հայաստանը ներկայացնողները պատրաստ են դրանք բոլորը բավարարել, միայն թե իրենց աթոռը կարողանան պահել։ Բայց մենք, ինչպես հայտարարել ենք, չենք կարող հանդուրժել սա։ Չենք կարող անընդհատ նվաստացած ու տագնապներով ապրել։ Մենք պետք է այս իրավիճակը փոխենք և կարող ենք դա անել, մենք ունենք այդ ներուժը և հարկավոր է, սակայն, մեկ կարևոր բան՝ մենք կարող ենք որքան ուզենք երեկոները տասնյակ հազարներով հավաքվել հրապարակներում, մեր խոսքն ասել, բայց դուք էլ գիտեք, որ դա բավարար չէ»,- նկատել է Սրբազանը։
Նա հայտարարել է ակցիաները նոր թափով շարունակելու մասին։
«Հասկանում ենք, որ հուսալով այս մարդկանց բարոյական վերջին նշույլների վրա, խնդիրը լուծել չենք կարող։
Այս պահին մենք միասին պետք է որոշում ընդունենք։ Կարող ենք խնդիրը լուծել, եթե վաղվանից սկսած ընդամենը 4 օր, 96 ժամ, առանց դադարի, առանց աշխատանքի գնալու, առանց հանգստի,առանց երկար-բարակ քնելու, լինելու փողոցում ու մեր կամքը պարտադրելու»,- ասել է Բագրատ Սրբազանը։
Նա հորդորեց Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին հունիսի 11-ին, ժամը 16։30-ին նախաձեռնել նիստ` կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու օրակարգով։
«Հունիսի 10-ին ԱԺ խորհուրդը ժողովրդի որոշմամբ՝ պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ անցկացնելու մասին։ ՔՊ-ի պատգամավորները պարտավոր են ենթարկվել ժողովրդի կամքին, գործել անձնական խղճով ու համոզմունքով։ Մենք մեր ներկայությամբ չենք թողնելու, որ հերթական սխալը գործեն»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։