ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ-ն հրաժարվում է վճարել հաշվարկված վճարը․ ՌԴ ԱԳՆ

10 Հունիսի 2024, 10:00

Քաղաքականություն

Հաշվի առնելով, որ Հայաստանի ղեկավարությունը հրաժարվել է վճարել հաշվարկված վճարը, հարկավոր է ՀԱՊԿ-ի ընթացիկ տարվա բյուջեի ճշգրտում անել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

«Այժմ մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համապատասխան նախագիծը»,– նշել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ հավելելով, որ ներդրումների վերաբաշխման մասին խոսք չկա։

Գերատեսչությունում պարզաբանել են, որ ՀԱՊԿ քարտուղարությունը և ՀԱՊԿ միացյալ շտաբը կրճատել են ծախսային մասը Երևանի կողմից իր աշխատակիցներին քվոտային պաշտոններում չնշանակելու հաշվին: Քարտուղարությունը նաև կօգտագործի առկա պահուստները՝ աշխատանքը բնականոն ռեժիմով շարունակելու համար։

«Ամեն դեպքում մենք ելնում ենք նրանից, որ Երևանը պարտավոր է կատարել ֆինանսական պահանջները՝ համաձայն Կազմակերպության կանոնադրության և ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից հաստատված այլ փաստաթղթերի»,- ասել են քաղաքական գերատեսչությունից: