Հայաստանի հնարավոր ելքը չի ազդի ՀԱՊԿ-ի վրա, այն կազդի երկրի պաշտպանունակության վրա. Անդրեյ Կարտապոլով

14 Հունիսի 2024, 15:52

Քաղաքականություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալու հնարավոր որոշումը չի ազդի կազմակերպության պաշտպանունակության վրա, այլ միայն կազդի Հայաստանի պաշտպանունակության վրա: Այս մասին Ռիա նովոստիին ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը։

«Սա կազդի միայն Հայաստանի պաշտպանունակության վրա և ոչ մի այլ բանի վրա, այնպես որ, իհարկե, այս որոշումը հայկական կողմինն է։ Բայց փաստն այն է, որ, ցավոք, որոշումը կկայացնի Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով, սա ողբերգություն է»,- ասել է Կարտապոլովը։

Պատգամավորի խոսքով՝ Ռուսաստանը հույս ունի, որ ողջախոհությունը կհաղթի հենց հայ ժողովրդի մեջ, ոչ թե երկրի ղեկավարության։