Վոլխովում կայացել է շախմատի մրցաշար՝ նվիրված աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 95-ամյակին

19 Հունիսի 2024, 10:45

Սպորտ

Ռուսաստանի Վոլխով քաղաքում կայացել է շախմատի փառատոն՝ նվիրված հայ լեգենդար շախմատիստ, աշխարհի նախկին չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 95-ամյակին:

Փառատոնն անցկացվել է ՖԻԴԵ–ի «Մենք բոլորս մեկ ընտանիք ենք» խորագրի ներքո: Միջոցառումը բացել է Վոլխով քաղաքի մունիցիպալ կրթության ղեկավար Ալիսա Հարությունյանը։

Երեք զուգահեռ մրցաշարերում (վարկանիշի մակարդակով) խաղացել են 83 մասնակիցներ Սանկտ Պետերբուրգից և Լենինգրադի, Մոսկվայի մարզերի մի քանի շրջաններից:

Փառատոնի կազմակերպիչներն են Վոլխով քաղաքի «Ախթամար» հայկական համայնքը, Սանկտ Պետերբուրգի տարածաշրջանային հայկական ազգային-մշակութային ինքնավարությունը, Սանկտ Պետերբուրգի հայկական շախմատի ակումբը՝ Լենինգրադի մարզի շախմատի տարածաշրջանային մարզական ֆեդերացիայի և Վոլխովի մունիցիպալ շրջանի վարչակազմի աջակցությամբ: