Հայաստանի անցումն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ անհնարին կդարձնի ՌԴ-ի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը. Գալուզին
18 Հունիսի 2024, 12:20
Մոսկվան եղել և մնում է հավատարիմ Երևանի հետ պայմանավորվածությունների ամբողջ համալիրին ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն կառույցների շրջանակներում՝ չհրաժարվելով դաշնակիցների առջև ստանձնած պարտավորություններից: Այս մասին «Комсомольская правда»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ցավոք, արևմտյան նարատիվների ազդեցության տակ տեղի ունեցավ երկկողմ քաղաքական շփումների կտրուկ նեղացում։ Երևանից ավելի հաճախ են հնչում անհիմն քննադատություններ Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի, անվտանգության ապահովման ստեղծված համակարգի հասցեին։ Դա առնվազն ապակառուցողական է և անհեռատես։
ՀԱՊԿ աշխատանքներին Երևանի լիարժեք մասնակցությունը համապատասխանում է հայ ժողովրդի իղձերին, ծառայում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման գործին: Ինչ էլ որ խոստանան արևմտականները, որոնք հայաստանյան իշխանություններին դրդել են «սառեցնել» կազմակերպության մասնակցությունը, ՀԱՊԿ- ի՝ որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմի, գործուն այլընտրանքներ այսօր չկան», — ասել է նա։
Գալուզինի խոսքով՝ ՀԱՊԿ կարողությունների զարգացման աշխատանքները համակարգված կերպով շարժվում են՝ Երևանը թողնելով ետևում:
«Ընթանում է ճգնաժամային արձագանքման նոր ալգորիթմների մշակում, կազմակերպության հավաքական ուժերի կարողությունների ամրապնդում՝ հաշվի առնելով ռուսական մարտական փորձը, ընդունվում են լուրջ ծրագրային փաստաթղթեր Կենտրոնական Ասիայում մեր դաշնակիցների սահմանային անվտանգության ապահովման վերաբերյալ։ Անվտանգության ոլորտում Հայաստանի ինքնիշխանության հետագա լղոզումը և ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «թղթե հովանու» ներքո արևմտյան օրինաչափություններին անցնելը պարզապես անհնար կդարձնի Ռուսաստանի հետ միասնական պաշտպանական տարածքի պահպանումը նաև ՀԱՊԿ շրջանակներում», — նշել է նա։
Գալուզինն ընդգծել է, որ Մոսկվան բազմիցս և տարբեր մակարդակներով հստակ պատրաստակամություն է հայտնել քննարկել Երևանին հուզող հարցերը: «Ընդգծել են, որ Մոսկվան հավատարիմ է եղել և մնում է պայմանավորվածությունների ամբողջ համալիրին ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն կառույցների շրջանակներում, չի հրաժարվել դաշնակիցների առջև ստանձնած պարտավորություններից։ Ընդ որում, մեր տարբեր նախաձեռնություններին մենք այդպես էլ արձագանք չստացանք։ Ակնկալում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը կբավականացնի քաղաքական իմաստնությունը՝ հասկանալու Արևմուտքի խոստումների պատրանքային բնույթը, Ռուսաստանի հետ հարաբերությունների կրիտիկական կարևորությունը Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության և տնտեսական զարգացման տեսանկյունից», — եզրափակել է Գալուզինը։