«Եկել է ժամանակը, որ ԱՄՆ-ն դիվանագիտական ճանաչում տա Արցախին». Լոս Անջելեսի քաղաքապետի և հայ պաշտոնյայի համատեղ նամակը՝ Բայդենին

08 Հունիսի 2023, 10:35

Քաղաքականություն

Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը և քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանը երկրորդ անգամ նամակ են գրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ կոչ անելով ԱՄՆ-ի գործողություններով դադարեցնել Լաչինի միջանցքի հանցավոր շրջափակումը, մարդասիրական օգնություն տրամադրել մարդկանց։

Հունիսի 7-ով թվագրված նամակն ուղարկվել է նաև Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահներին և բարձրաստիճան անդամներին, ինչպես նաև՝ ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատորին:

«Եթե Միացյալ Նահանգները չպաշտպանի խոցելի հայ բնակչությանը, տարածաշրջանում ցեղասպանության մեծ վտանգ կա: Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը սպառնացել է բնիկ հայ բնակչությանը վտարել կամ ոչնչացնել իր պահանջած տարածքից, և նրա պահանջները շատ ավելի հեռու են իր երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններից»,-զգուշացրել են Բասը և Կրեկորյանը:

Նրանք միաժամանակ շեշտել են՝ Միացյալ Նահանգները պետք է հստակ ցույց տա իր նվիրվածությունը ժողովրդավարությանն ու գլոբալ կայունությանը` օգնության հասնելով Արցախի ժողովրդին, նաև՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում»,-ասել են Լոս Անջելեսի ղեկավարները։

Բաս-Կրեկորյան համատեղ նամակի մեծ ասվում է նաև, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը սպառնում է 120,000 տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան և վտարման իրենց նախնիների հայրենիքից։ Միացյալ Նահանգները պետք է գործի զսպելու Ադրբեջանի շարունակական ագրեսիան Հայաստանի և Արցախի Հանրապետության բնիկ հայ բնակչության դեմ։

«Միացյալ Նահանգները պետք է անհապաղ մարդասիրական օգնություն տրամադրի Արցախի ժողովրդին, որն այժմ տառապում է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումից, որը պարտադրվել է Ադրբեջանի կողմից Ռուսաստանի մեղսակցությամբ։

ԱՄՆ-ն պետք է իրական քայլեր ձեռնարկի Լաչինի միջանցքի անօրինական շրջափակմանը վերջ տալու և ադրբեջանական ագրեսիան զսպելու համար։ Միացյալ Նահանգները պետք է ամբողջությամբ կիրառի Ազատության աջակցության ակտի 907-րդ բաժինը՝ առանց Նախագահի հրաժարման և պետք է անհապաղ դադարեցնի զենքի բոլոր փոխանցումները Ադրբեջանին։

Եկել է ժամանակը, որ Միացյալ Նահանգները լիակատար դիվանագիտական ​​ճանաչում տա Արցախի Հանրապետությանը՝ որպես անկախ ժողովրդավարական պետության։ Մենք Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի (Լոս Անջելես) գործադիր և օրենսդիր ղեկավարներն ենք, որտեղ ապրում է սփյուռքահայերի ամենակարևոր համայնքն աշխարհում:

Մենք անհամբեր սպասում ենք ստանալու ձեր հավաստիացումը, որ Միացյալ Նահանգները ձեռքերը ծալած չի մնա, մինչ ագրեսիվ բռնապետությունը ցեղասպան քաղաքականություն է վարում իր դեմոկրատ հարևանների դեմ»,-ընդգծել են պաշտոնյաները։

Հիմա եթերում