ՊԱԿ-ը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը

21 Հունիսի 2024, 14:27

Քաղաքականություն

Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը ողջունում է Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը և Երևանի այս որոշումը համարում է «արդարության հաղթանակ»։ Այս մասին հայտարարել է ՊԱԿ գործադիր կոմիտեի քարտուղար Հուսեյն ալ-Շեյխը:

«Մենք ողջունում ենք բարեկամ Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը՝ միջազգային իրավունքին համապատասխան։ Սա իրավունքի, արդարության, օրինականության հաղթանակ է՝ մեր Պաղեստինի ժողովրդի ազատագրման և անկախության համար մղվող պայքարում: Շնորհակալություն, բարեկամ Հայաստան»,- գրել է ալ-Շեյխը X-ում։

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ Երևանը, հաստատելով իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների իրավահավասարության, ինքնիշխանության և խաղաղ գոյակցության սկզբունքներին՝ ճանաչում է Պաղեստին պետությունը։