Կայացել է Վարդան Հակոբյանի 75-ամյակին նվիրված ասմունքի մրցույթի հանրապետական փուլը
08 Հունիսի 2023, 16:10
Այսօր՝ հունիսի 8-ին, Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի պետհավատարմագրված համալսարանում տեղի է ունեցել գրող, ԱՀ պետական օրհներգի հեղինակ Վարդան Հակոբյանի 75-ամյակին նվիրված ասմունքի մրցույթի հանրապետական փուլը, որը նախաձեռնել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի արտադպրոցական ծրագրերի բաժինը։
Միջոցառման մեկնարկը տրվել է ԱՀ պետական օրհներգի հնչեցմամբ։
«Արցախպրես»֊ի հետ զրույցում ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի արտադպրոցական ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Նաիրա Ղահրամանյանն ասել է, որ մրցույթին մասնակցում են Հանրապետության շրջանների և մայրաքաղաքի 9֊ից մինչև 12 և 13-ից մինչև 16 տարեկան դպրոցականներ։
«Անց են կացվել մրցույթի երկու՝ շրջանային և քաղաքային փուլերը։ Մասնակիցներն այսօր կներկայացնեն Վարդան Հակոբյանի հեղինակային չափածո ստեղծագործությունները։ Մրցույթի նպատակն է նպաստել աշակերտների հայրենասիրական դաստիարակությանը, մատաղ սերնդի ուշադրությունը բևեռել հայոց անաղարտ գրականությանն ու պոեզիային, անդրադառնալ արցախցի բանաստեղծ Վարդան Հակոբյանի գրական ժառանգությանը, նպաստել ազգային ինքնագիտակցության ու արժանապատվության ամրապնդմանը, բացահայտել շնորհալի երեխաներին և աջակցել նրանց»,-մանրամասնել է Ն. Ղահրամանյանը։
Մրցույթում հաղթած աշակերտները նախարարության կողմից դիպլոմներ, պատվոգրեր և հուշանվերներ կստանան։