ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն անհամատեղելի են. Ալեքսեյ Օվերչուկ
25 Հունիսի 2024, 16:12
Եվրասիական տնտեսական միությունն ու Եվրամիությունն անհամատեղելի են, արտատարածաշրջանային խաղացողների մուտքը Հայաստան հետևանքներ կունենա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային գիտափորձագիտական 10-րդ ֆորումում։
«Իհարկե, Հայաստանի մասին խոսելիս ճիշտ չի լինի, ինչպես ասում են, աչք փակել այն բանի վրա, որ այսօր, ինչպես ասում են, այդ երկրի քաղաքական վեկտորը գնալով ավելի ու ավելի է թեքվում դեպի Արևմուտք։ Պետք է նաև հասկանալ, որ Եվրոպական միությունը և Եվրասիական տնտեսական միությունը անհամատեղելի բաներ են։ Եվ այն օգուտները, որ ինչ-որ երկիր ստանում է Ռուսաստանի հետ մերձեցումից, դա նույնպես պետք է ընկալել, որ դա նաև վճար է, որը մենք վճարում ենք մեր անվտանգության և ռազմավարական խորության համար, ուստի ինչ-որ արտատարածաշրջանային խաղացողների մուտքն այնտեղ, իհարկե, հետևանքներ կունենա»,- ասել է նա։
Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է կայուն Հայաստանով, լավ առևտրային հարաբերություններով, «լավ եղբայրական հարաբերություններով»:
«Երբ իրական սպառնալիքներ են առաջանում, ինչպես հիմա, երբ աղետը փաստացի ոչնչացրել է միակ երկաթուղային երթուղին, որը Վրաստանով կապում էր Հայաստանը աշխարհի հետ, մենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ օպերատիվորեն օգնության հասանք և ռեկորդային ժամկետում վերականգնեցինք երթևեկությունը», — նշել է նա։