Ուրուգվայում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ

29 Հունիսի 2024, 19:27

Մշակույթ

Ուրուգվայի ամենահեղինակավոր համերգասրահում՝ Սոլիս թատրոնում, տեղի է ունեցել աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ, որի շրջանակներում ելույթով հանդես է եկել ՀՀ վաստակավոր արտիստ, անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանը:

Այս մասին նշված է Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Համերգի ընթացքում Հայկ Մելիքյանը՝ Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Ալվարո Հակոբյանի ղեկավարությամբ, ներկայացրել է Արամ Խաչատրյանի հանրահայտ դաշնամուրային կոնցերտը: Երեկոյի ընթացքում Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են նաև Արամ Խաչատրյանի հանրահայտ այլ ստեղծագործություններ, այդ թվում՝  ‹‹Դիմակահանդես››-ի վալսը, ‹‹Զանգեզուրի քայլերգը››, ‹‹Գայանե›› բալետից հատվածներ և այլն: