Կամ Երևանը դեմ չի եղել Արցախի հետ տեղի ունեցածին կամ էլ զբաղված է քաղաքական մանրավաճառությամբ. Հակոբ Բադալյան

Alpha News-ը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Արցախը Ադրբեջանին վերադարձնելու մեջ Ռուսաստանին մեղադրելու և դրան ի պատասխան ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, ինչպես նաև Ալեն Սիմոնյանի՝ Հայաստանի՝ ԵՄ մաս լինելու ցանկության, Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, և ԱՄՆ փոխպետքարտուղար Օ՛ Բրայենի Հայաստանին առնչվող հայտարարությունների մասին զրուցել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ:

Արմեն Գրիգորյանի և Մարիա Զախարովայի հայտարարությունների մասին

«Սա քարոզչական պատերազմ է, որը պաշտոնական Երևանն ու Մոսկվան վարելով միմյանց դեմ՝ փորձում են իրենց պատասխանատվությունը լղոզել կամ էլ չեզոքացնել այն ամենի համար, ինչը կատարվել ու եղել էիրենց պատասխանատվության տիրույթում: Իսկ այդ տիրույթում անշուշտ եղել են կարևոր հարցեր, որոնց տապալումը հանգեցրել է Արցախի կորստին: Բայց այս դեպքում աներկբա է մի բան, որ գլխավոր պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է և երբ այդ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարում է, որ Մոսկվան վերցրեց ու հանձնեց Արցախն Ադրբեջանին, ապա հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ էր անում պաշտոնական Երևանը, նույնիսկ մինչև հիմա ի՞նչ է անում, որովհետև եթե որևէ մեկը վերցրել ու հանձնել է Ղարաբաղը, ապա տարակուսելի է, որ այդ երկրի հետ շարունակվում են դիվանագիտական հարաբերությունները, այդ երկրի հետ Հայաստանը շարունակում է լինել տնտեսական ինտեգրացիոն գործընթացնում: Հետևաբար պարզ է դառնում, որ կա՛մ Երևանը բոլորվին դեմ չի եղել, որպեսզի տեղի ունենա այն, ինչ տեղի է ունենում, կա՛մ Երևանը պարզապես զբաղված է քաղաքական մանրավաճառությամբ ու այսպիսի հայտարարություններով փորձում է լուծել մանր կոնյուկտորային քաղաքական խնդիրներ՝ պետության վարկի, իմիջի հաշվին»,- ասաց Հակոբ Բադալյանը:

Ալեն Սիմոնյանի՝ Հայաստանի՝ Եվրամիության մաս լինելու ցանկության հայտարարության մասին

«Երևանը տեսնում է, որ ռուսական անվտանգության հովանոցը չի աշխատում, սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառներով: Ռուսաստանն ակնհայտորեն փորձում  է այդ պատճառները հաշվի առնելով՝ հավելյալ մեծ պատասխանատվություն չստանձնել Հայաստանի առաջ, իսկ Երևանն էլ փորձում է պատասխանատվություն փնտրել Արևմուտքում: Հարցն այն է, որ Արևմուտքն էլ որևէ մտադրություն չունի Հայաստանի համար պատասխանատվություն ստանձնել և այս առումով Արևմուտքի գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանը հնարավորինս խնդիրներ ստեղծի Ռուսաստանի համար: Երևանն, իհարկե, պատկերացնում է, որ տակտիկական նշանակության սահմաններում Մոսկվան կտրուկ արձագանքներ չի տա, բայց եթե ռազմավարական ռիսկեր ստեղծվեն  Ռուսաստանի համար, դա իսկապես խնդրահարույց կլինի և դա լուրջ ռիսկեր կպարունակի Հայաստանի համար: Հիմա Երևանն այս տակտիկական հնարավորությունների շրջանակում փորձում է մանևրել ու տեսնելով ռուսական մեխանիզմի անարդյունավետությունը՝ փորձում է դա փոխարինել արևմտյանով, կրկնում եմ՝ չստեղծելով Մոսկվայի համար ռազմավարական ռիսկեր, բայց արդյոք դա կհաջողվի՞ կամ Արևմուտքը կուլ կտա՞ այդպիսի խայծ, կարծում եմ՝ ոչ:

Այս համատեքստում պաշտոնական Երևանի տարբեր պաշտոնյաներ մրցակցում են Արևմուտքին դուր գալու համար և այս մոտիվն է նկատվում ինչպես ԱԽ քարտուղարի, այնպես էլ ԱԺ նախագահի հայտարարություններում: Փորձում են ցույց տալ Արևմուտքին, որ հենց իրենք կարող են Հայաստանի իշխանություններում լինել այն ակնկալիքների վստահորդը, որը կարող է ունենալ Արևմուտքը:

Իմ կարծիքով՝ Հարավային Կովկասի որևէ առանձին երկիր կամ էլ Հարավային Կովկասի բոլոր երկրները միասին երբեք չեն դառնա ԵՄ անդամ, քանի դեռ ԵՄ անդամ չի դարձել Թուրքիան, իսկ Թուրքիան ԵՄ անդամ չի դառնա, քանի դեռ ԵՄ անդամ է և այդ կառույցում առաջատար կշիռ ունի Ֆրանսիան»,- ասաց Հակոբ Բադալյանը:

Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հայտարարության մասին

«Երբ ՀՀ արտգործնախարարը բարձրաձայնում է, որ ժամանակն է կատարել երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, ապա հարց է առաջանում՝ արդյոք Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցում քննարկվե՞լ է դրանց կատարման որևէ գործողություն: Փաշինյան-Էրդողան զրույցից մեկ շաբաթ անց տեղի ունեցած Միրզոյան-Ֆիդան հեռախոսազանգը թույլ է տալիս ենթադրել, որ հնարավոր է Փաշինյան-Էրդողան մակարդակում ընդանուր քննարկված ինչ-որ հարցերի վերաբերյալ ավելի առարկայական քննարկումներ են  եղել Միրզոյան-Ֆիդան զրույցում: Ես չեմ բացառում, որ տեսանելի ժամանակահատվածում կարող է կատարվել որևէ գործողություն ավելի վաղ Հայաստանի ու Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործընթացում:

Սա, իհարկե, կարող է պայմանավորված լինել ավելի լայն իրողություններով, ուշադրության է արժանի այն, որ բավականին նկատելի սառնություն կար առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում Անկարա-Մոսկվա տիրույթում, որն առ այսօր պահպանվում է, ավելի քան մեկ տարի է՝ չի կայանում Պուտինի՝ Անկարա այցը, Թուրքիան պարբերաբար բարձրաձայնում է, որ սպասում է Ռուսաստանի նախագահին, իսկ Մոսկվայից պարբերաբար հղում են անում ժամանակային անհարմարությանը և հետաձգում այդ համաձայնությունը: Այս սառնության պատճառներն ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական տիրույթում են: Չեմ բացառում նաև, որ Թուրքիան փորձի այս հարաբերության տիրույթում որոշակի քայլ անել Երևանի հետ հարաբերության ուղղությամբ»,- ասաց Հակոբ Բադալյանը:

ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛ Բրայենի Հայաստանին առնչվող հայտարարության մասին

«Օ՛Բրայենը կրկնում է այն առաջնահերթությունը, որն ունի ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, ձևավորել այսպես կոչված միջին միջանցք՝ Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա: Սա, իհարկե, ռազմավարական խոշոր նշանակության պրոյեկտ է ընդդեմ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, այսինքն՝ ուժեղացնել թուրքական գործոնը և դրա միջոցով ձևավորել ուժերի նոր հավասարակշռություն և այդ գործոնն օգտագործել՝ որպես զսպման միջոց իրենց աշխարհաքաղաքական գլխավոր հակառակորդների համար: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն փորձում է հնարավորինս առաջ մղելով այդ գաղափարը՝ երկու կողմերի միջև ստանալ համաձայնություն: Բարդությունն այն է, որ Թուրքիայի համար առանցքային է միջանցքի գաղափարը, որ իր գերակայության ներքո լինի այդ ճանապարհը, բայց հասկանալի է, որ այս դեպքում խնդիրներ են առաջանում Երևանի, Իրանի, Ռուսաստանի տեսանկյուններից»,- ասաց Հակոբ Բադալյանը: