ՄԻՊ-ն արձագանքել է Alpha News-ի հարցմանը՝ ՔՊ-ականի եւ անչափահաս արցախցու միջադեպի հետ կապված

08 Հունիսի 2023, 19:35

Կարծիք

«Ֆեյսբուքում» լայն քննարկման առիթ է դարձել նախօրեին Արագածավան համայնքում ձերբակալված պաշտոնյայի՝ Սուրեն Թորոսյանի ուղիղ եթերներից մեկը,  որում նա պատմում է արցախցի անչափահաս երեխայի հետ ունեցած միջադեպի մասին:

Սուրեն Թորոսյանը, որն ըստ մամուլի հրապարակումների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է եւ զբաղեցնում է Արագածավանի ՋՕԸ վերահսկողության պետի պաշտոնը, այդ տեսանյութում գռեհիկ եւ վիրավորական բառապաշարով է արտահայտվում արցախցի երեխայի եւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ: 

«Ավտոյով գնում էի Թալին քաղաք, ճանապարհին երեխա էր կանգնած, ձեռքը տնգեց, կանգնեցի: Երեխային նստացրի ու հարցրեցի՝ ո՞ւր ես էթում, տղա ջան, բա` Թալին ֆուտբոլի եմ գնում:

Մի տեսակ ակցենտով էր խոսում: Հարցրեցի՝ էս գյուղի՞ց ես, բա՝ չէ, Ղարաբաղից եմ եկել: Հարցրեցի՝ շուտվանի՞ց եք եկել, ասեց՝  դավաճան Նիկոլը հողերը տվեց,  հիմա էլ պատրաստվում է Երեւանը տալ:

Տվյալ երեխայի ընտանիքը պետական գործի է, աշխատում են էդ համայնքապետարանում: Սաղ ճշտել եմ, երկուշաբթի օրը կզբաղվեմ դրանցով: Նման տիպի «փալասներին» դուրս ենք շպրտելու համակարգից:

Համակարգում աշխատում են, փողերը՝ լափում, էնքան են տունը խոսացել երեխեքի առաջ, որ էդ 7 տարեկան երեխան էնպես խոսաց, որ ես ապշել էի:

Կայնել եմ չոլերի մեջ, դուռը բացել եմ եւ ասել՝ իջի, արա, գնա հորդ, մորդ ասա, որ պատերազմի ժամանակ հերդ մորդ փեշի տակ մտավ եւ փախան, եկան Հայաստան, իսկ հիմա էլ ասում են՝ Նիկոլը պատրաստվում է Երեւանը տա»,- ֆեյսբուքում տարածված տեսանյութում պատմում էր Սուրեն Թորոսյանը: 

Արցախցի երեխայի նկատմամբ տեղի ունեցածը մեկնաբանելու եւ գնահատելու խնդրանքով՝ Alpha News-ը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից արձագանքել են.  «Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս անդրադարձել է ատելության խոսքի, բռնության կոչերի, վիրավորանքի, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ցանկացած դրսեւորման անընդունելիությանը՝ շեշտելով դրա վտանգավորությունը մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի տեսանկյունից։

Պաշտպանը բազմիցս ընդգծել է նաեւ, որ երեխան պետք է պաշտպանված լինի բռնության բոլոր ձեւերից, այդ թվում՝ ֆիզիկական կամ հոգեբանական, վիրավորանքից, կոպիտ վերաբերմունքից եւ այլն: Նշված երեւույթներն անթույլատրելի են ցանկացած պարագայում»: 

Նշենք՝ առայժմ պարզ չէ, թե երբ է ՔՊ-ական պաշտոնյայի եւ արցախցի անչափահաս երեխայի միջեւ այդ միջադեպը եղել: 

Հավելենք նաեւ, որ ՔՊ-ական պաշտոնյան ձերբակալվել է մեկ այլ միջադեպի առիթով:

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ հունիսի 7-ին, Ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ 19.00-ի սահմանում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում Արագածավան գյուղի բնակիչ Սուրեն Թորոսյանը գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա․Ս․-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ 

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով (հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը) նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Կեսգիշերն անց Սուրեն Թորոսյանը ոստիկանների կողմից ներկայացվել է Թալինի քննչական բաժին: Նա ձերբակալվել է:  Ա․ Ս․-ն ճանաչվել է տուժող։