Ռուսաստանի հայերի միության Ռյազանի մասնաճյուղը մասնակցել է ազգային մշակույթների փառատոնին
03 Հուլիսի 2024, 08:45
Ռուսաստանի Ռյազանի մարզի Ռիբնովսկի շրջանի Մարկովո գյուղում հունիսի 29-ին անցկացվել է «Մենք մեկ մեծ ժողովուրդ ենք» խորագրով ազգային մշակույթների փառատոնը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության տելեգրամյան ալիքը։
Տարածքում ապրող տարբեր ազգությունների ներկայացուցիչներ ներկայացրել են ազգային պարեր, երգեր ու տարազներ: Ցանկացողները հնարավորություն են ունեցել փորձելու ազգային ուտեստներ, ծանոթանալու ազգային ավանդական խաղերին, արվեստներին ու արհեստներին։
«Ռուսաստանը միավորում է տարբեր պատմություններով տարբեր ժողովուրդների, և նման փառատոններն օգնում են ամրապնդել ազգամիջյան հարաբերությունները: Ռուսաստանը դարձել է մեր ընդհանուր տունը, և հանուն նրա բարօրության մենք կշարունակենք աշխատել», — ասել է Ռիբնովսկի ՌՀՄ մասնաճյուղի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Զախարյանը։