Արևմտյան գործընկերները Հայաստանի իշխանության մեջ փոփոխություններ չեն ուզում. Նադանա Ֆրիդրիխսոն

Alpha Newsroom-ի եթերում ռուս լրագրող Նադանա Ֆրիդրիխսոնը մեկնաբանել է Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանում բողոքի ցույցերի և ԱՄՆ-ի վերաբերմունքը Հայաստանի ներկայիս իշխանության նկատմամբ։ Լրագրողի խոսքով՝ ամերիկացիները չեն ցանկանում Հայաստանում իշխանություն փոխել, քանի որ այն ամեն ինչի համաձայն է:

«Նիկոլ Փաշինյանի (ՀՀ վարչապետ) իշխանությունը հասկանալի է արևմտյան գործընկերների համար, ուստի նրանք չեն պատրաստվում փոխել այս իշխանությունը, չեն ցանկանում, որ Հայաստանում փոփոխություններ լինեն։

Հիմա, օրինակ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը գտնվում է Հայաստանում և դատելով հանրային տիրույթում գտնվող կադրերից՝ նա լիակատար փոխըմբռնում ունի ներկայիս կառավարության հետ, պայմանագրեր են կնքում ԱՄՆ ՄԶԳ տարբեր ծրագրերի համար, և մենք հիանալի հասկանում ենք, թե ինչպիսի ծրագրեր են դրանք: Սա միայն մշակութային համագործակցություն չէ, այնտեղ շատ ավելի խորը գործընթացներ են ընթանում։ Հետևաբար, ինչո՞ւ պետք է ամերիկացիները Հայաստանում իշխանություն փոխեն, ինչը նրանք հասկանում են:

Հայաստանի ներկայիս իշխանությունը լիակատար փոխըմբռնում ունի Լոնդոնի, Փարիզի և Վաշինգտոնի հետ։ Նրանց ակտիվ մերձեցումը մենք տեսնում ենք հանրային ձևով։ Ինչո՞ւ արևմտյան երկրները պետք է աջակցեն Հայաստանում ցուցարարներին և հեռացնեն իշխանությանը, որը համաձայն է ամեն ինչի։

Բացի այդ, ելնելով այն ամենից, ինչ տեսնում ենք, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը բավական համակրում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ինչո՞ւ ոչ: Նրա առաջ պայմաններ է դնում, համաձայնում է։ Ուստի այստեղ քչերն են հարցեր ունենում Ադրբեջանի նախագահին։ Նույնիսկ ցուցարարները Իլհամ Ալիևին հարցեր չունեն: Նա պաշտպանում է իր երկրի շահերը։ Ցուցարարները հարցեր ունեն Նիկոլ Փաշինյանին»,- ասել է Ֆրիդրիխսոնը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, ըստ լրագրողի, Ռուսաստանը հեռու է մնացել հայաստանյան ցույցերից։

«Ռուսաստանը հեռու է մնացել Հայաստանում բողոքի ցույցերի պատմությունից, իսկ դա նշանակում է, որ ընդհանուր առմամբ այսօր հեռու է մնացել Հայաստանի ներսում հակամարտությունից, հասարակության մի մասի և գործող իշխանության միջև հակամարտությունից։ Ռուսաստանին այնքան էլ հասկանալի չէր այդ բողոքի ուղերձը։ Նիկոլ Փաշինյանի պահվածքը Կրեմլում կարող են հաշվարկել, դա հասկանալի է, իսկ ահա բողոքի շարժումը Ռուսաստանի քաղաքական էլիտաների համար հարցեր էր առաջացնում։

Այդ պատճառով Ռուսաստանը մի կողմ քաշվեց և ավելի շատ զբաղվում էր իր հարցերով։ Եթե Նիկոլ Փաշինյանն արդեն գնա Մոսկվայի համար ինչ-որ տարօրինակ ճանապարհներով և ուղղակիորեն խախտի ինչ-որ պայմանավորվածություններ, ապա ինձ թվում է՝ Ռուսաստանն ինչ-որ կերպ կարձագանքի։ Այն, որ Ռուսաստանն այսօր չի մասնակցում Հայաստանի ներքին հակասություններին, դա ևս փաստ է։

Ռուսաստանի շահերը Անդրկովկասով չեն ավարտվում: Այսօր որոշակի հավասարակշռություն կա: Մոսկվան որոշակի հարաբերություններ ունի Բաքվի հետ, Մոսկվան բարդ հարաբերություններ ունի Հայաստանի ներկայիս իշխանության հետ, բայց կարևոր է հասկանալ, որ Ռուսաստանի ուշադրությունն այսօր կենտրոնացած է այլ իրադարձությունների վրա»,- եզրափակել է Ֆրիդրիխսոնը։