Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Երևանի և Մինսկի միջև հակամարտությունը

12 Հուլիսի 2024, 11:00

Քաղաքականություն

Ռուսական կողմը շահագրգռված է, որ Երևանի և Մինսկի միջև առկա բարդությունների շրջանը հնարավորինս արագ ավարտվի: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը մտադիր է մասնակցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հակամարտության կարգավորմանը, նա նշել է, որ «ցավոք, դժվար է բացատրել այն կոշտ դիրքորոշումը, որ Հայաստանի իշխանությունները որդեգրել են բելառուս գործընկերների նկատմամբ»:

«Ալեքսանդր Լուկաշենկոն մշտապես ընդգծել է Մինսկի շահագրգռվածությունը կայուն և անվտանգ Հարավային Կովկասի հարցում: Նույնիսկ ամենաբարդ ժամանակներում Բելառուսի առաջնորդի նախաձեռնություններն ուղղված էին հենց հակամարտող կողմերի հաշտեցմանը», — նշել է նա։

ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալի խոսքով, «Մինսկը և Երևանը դաշնակիցներ են, որոնց հետ Ռուսաստանի Դաշնությունը զարգացնում է բազմակողմ համագործակցությունը»։ Գալուզինը հավելել է, որ «Հայաստանը և Բելառուսը ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ են»։