Գարիկ Մարտիրոսյանը TNT եթերում կմեկնարկի «Միլիոնանոց պատմություն» նոր շոուն

13 Հուլիսի 2024, 11:14

Մշակույթ

Մոսկվայաբնակ հայտնի շոումեն, հեռուստահաղորդավար, ռեժիսոր, պրոդյուսեր և հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը սկսում է նոր հումորային նախագիծ՝ «Միլիոնանոց պատմություն», գրում է РБК-ն։

Նախագծի մասնակիցներն ընդամենը երկու րոպեի ընթացքում կարող են շահել 1 միլիոն ռուբլի: Դա անելու համար հարկավոր է պատմել մի պատմություն, որն առաջին հերթին կծիծաղեցնի դահլիճում գտնվող հանդիսատեսին և հաղորդավարին: Պատմությունները հեռուստադիտողները պատմում են անմիջապես դահլիճից՝ պատահական ընտրությամբ: Գլխավոր պահանջն է պատմությունը պատմել 2 րոպեի ընթացքում, ինչպես նաև ծիծաղեցնել Գարիկ Մարտիրոսյանին, նրա աստղային հյուրին և ստուդիայում գտնվող բոլոր ներկաներին: Դահլիճում գտնվող հանդիսատեսն է, ով այնուհետև կընտրի թողարկման ամենազվարճալի պատմությունը, և պատմողը կստանա դրամական մրցանակ:

«Ընդ որում, նա հնարավորություն կունենա մեծացնել շահումը, եթե նրա պատմությունն ավելի զվարճալի լինի, քան աստղային հյուրի պատմությունը։ Մասնակիցների ճակատագիրը որոշում են դահլիճում գտնվողները, իսկ վերջնական շահումը կարող է հասնել 1 միլիոն ռուբլու»,- մանրամասնել են ТНТ հեռուստաալիքից:

Գարիկ Մարտիրոսյանի հետ նոր շոուում պատմություններ կպատմեն և կլսեն հումորիստներ Վադիմ Գալիգինը, Իլյա Սոբոլևը, Մարինա Կրավեցը, դերասաններ Արտյոմ Քալայջյանը, Նիկիտա Կոլոգրիվին, հեռուստահաղորդավար Դմիտրի Գուբերնևը։

«Միլիոնանոց պատմություն» նոր հումորային ծրագիրը կմեկնարկի հուլիսի 26-ին։