«Գյուրջիև» անսամբլը հայ երաժշտությունը կներկայացնի աշխարհի տարբեր երկրներում

15 Հուլիսի 2024, 13:08

Մշակույթ

«Գյուրջիև» անսամբլը հայ երաժշտությունը կներկայացնի աշխարհի մի շարք երկրներում։ Անսամբլը սեպտեմբերի 19-ին ելույթ կունենա իտալական Դոլոմիտների ձայներ փառատոնին, նոյեմբերի 9-ին լեհական Եֆոնիե միջազգային երաժշտական փառատոնին, դեկտեմբերի 5-ին ֆրանսիական Ռուանի օպերային թատրոնում, դեկտեմբերի 8 -ին գերմանական Բուլեզ սրահում։  

Հյուրախաղերից առաջ՝ հուլիսի 16-ին, ժամը 19։00, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում անսամբլը հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով, որի ընթացքում տեղի կունենա նաև երաժշտախմբի նոր՝ «Զարթիր» ալբոմի շնորհանդեսը։ Վերջինիս գործերը ևս հնչելու են հյուրախաղերի ընթացքում։

Այս տարի գերմանական հեղինակավոր ECM Records լեյբլում թողարկվեց «Գյուրջիև» անսամբլի երրորդ՝ «Զարթիր» խորագրով ալբոմը։ Այն վերաիմաստավորում է հայազգի մեծանուն մտավորական, հոգևոր ուսուցիչ, կոմպոզիտոր, պարուսույց և փիլիսոփա Գեորգի Գյուրջիևի երաժշտությունը՝ ժողովրդական գործիքավորմամբ։
Ձայնասկավառակում անդրադաձ կա նաև հայ աշուղների և բանաստեղծների հարուստ ավանդությանը․ Ջիվանի, Բաղդասար Դպիր, Սայաթ-Նովա։ Ալբոմի տպավորիչ շապիկի պատկերը Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից է:

Վերջին տարիներին միջազգային լայն ճանաչում ձեռք բերած անսամբլում ընգրկված են հայկական ավանդական գործիքներ կատարող փայլուն երաժիշտներ։ Անսամբլի հարուստ ստեղծագործական պատմությունը ներառում է Music of Georges I. Gurdjieff և Komitas ալբոմները, որոնք արժանացել են հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ Նիդեռլանդական Edison Awards-ը:

Ելույթներ ունենալով 30 երկրի շուրջ 150 քաղաքներում, աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում և խոշոր միջազգային փառատոներում, հայկական «Գյուրջիև» անսամբլը՝ Լևոն Իսկենյանի ղեկավարությամբ գեղարվեստական որակի նոր նշաձող է սահմանում, կապելով արևելքի և արևմուտքի հնագույն և ժամանակակից ավանդույթները, ներկայացնում հայկական հոգևոր և մշակութային էության բարձրարվեստ դրսևորումներ:

The New York Times-ը գրում է․ «Հզոր և հիպնոտիկ: Գյուրջիև անսամբլը ունկնդիրներին հնարավորություն է տալիս լսել երաժշտության էթնիկ առանձնահատկությունն ամենավառ գույներով»:

The Guardian, BBC, Songlines, The Independent — այս պարբերականների հիացական գնահատականները հայ ավանդական երաժշտության, ազգային գործիքների խորհրդավոր հնչողության և անսամբլի կատարողական բարձր վարպետության վերաբերյալ ինքնին խոսուն են։

«Գյուրջիև» անսամբլի կազմում հանդես են գալիս
Լևոն Իսկենյանը (գեղարվեստական ​​ղեկավար, գործիքավորող), Նորայր Գափոյանը (դուդուկ, զուռնա, պկու), Գագիկ Հակոբյանը (բաս դուդուկ, պկու), Ավագ Մարգարյանը (բլուլ, զուռնա), Արմեն Այվազյանը (քամանչա), Արամ Նիկողոսյանը (ուդ, զանգեր), Տաթև Հակոբյանը (քանոն), Վլադիմիր Պապիկյանը (սանթուր, ձայն, բուրվար), Դավիթ Ավագյանը (թառ, սազ), Մեսրոպ Խալաթյանը (դափ, թմբուկ):