Երևանը պետք է կարողանա գործոն դառնալ Պեկինի համար, այս պասիվությամբ մեզ կշրջանցեն. Արարատ Կոստանյան

16 Հուլիսի 2024, 22:00

Քաղաքականություն

Միջազգայնագետ, արեւելագետ Արարատ Կոստանյանը Չինաստանի եւ Ադրբեջանի միջեւ այս ամսվա սկզբին ընդունված ռազմավարական գործընկերության հաստատման հռչակագիրը դիտարկում է ոչ միայն Պեկինի եւ Բաքվի միջեւ տնտեսական ակտիվության ցուցիչ՝ Չինաստանի նախաձեռնած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակում», այլեւ ընդգծում է դրա քաղաքական գործոնի կարեւորությունը, որն արդեն կապված է Չինաստանի ու Թուրքիայի հետ:

«Ադրբեջանի հետ զուտ տնտեսական հարաբերությունները զարգացնելու միտմանը զուգահեռ պետք է նաեւ սրա քաղաքական տողատակերը կարդալ: Ուշադրություն պետք է դարձնել այդ հռչակագրի ընդունումից առաջ Թուրքիայի արտգործնախարարի Չինաստան այցը, որը ես ավելի շատ եմ կարեւորում եւ սա համարում եմ շարունակություն Թուրքիայի այն փորձին, որով նա տնտեսապես մեկուսանալով Արեւմուտքից, փորձում է այլ տնտեսական ու մեգածրագրեր իրականացնել: Այսինքն՝ փորձ է արվում տասը տարուց ավելի լարված թուրք-չինական հարաբերությունները բարելավել»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Արարատ Կոստանյանը:

Միջազգայնագետն ընդգծեց, որ Պեկինի եւ Բաքվի միջեւ ընդունված հռչակագիրը պետք չէ բացասական դիտարկել Հայաստանի տեսանկյունից, բայց Հայաստանը պետք է շահագրգռված լիներ եւ լինի իր ծրագրերը առաջարկելու համար, որպեսզի գործոն դառնար ու դառնա նման մեծ նախաձեռնության մեջ:

«Հայաստանը չպետք է նայի, թե Չինաստանը այդ ծրագրում որ երկրի հետ է ավելի սերտ հարաբերություններ ստեղծում, այլ պետք է իր դերն իրականացնի ու գործոն դառնա: Իհարկե, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակում Չինաստանի հետ Հայաստանի հարաբերությունները մի քանի տարվա վաղեմություն ունեն, մենք սերտ հարաբերություններ ունենք Չինաստանի հետ, կոնֆլիկտ չկա, էլ չեմ խոսում պատմական լավ հարաբերությունների մասին, բայց կրկնում եմ՝ Հայաստանը պետք է կարողանա գործոն դառնալ, մենք պետք է այս նախագծի շրջանակում ալտերնատիվներ գտնենք, որով Հայաստանը այդ մեգածրագրի մեջ հետաքրքրություն կառաջացնի, ինչպես, օրինակ, Իրանն արեց: Նա 2 մեգածրագրերի մեջ է, խոսքը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի եւ «Հյուսիս-հարավ» տրանսպորտային ծրագրի մասին է:

Հիմա գնդակը Հայաստանի դաշտում է, IT-ի, մշակույթի, գիտության ոլորտներում մենք պետք է կարողանանք խորացնել հարաբերությունները Չինաստանի հետ: Եթե այսպես մեր պասիվությունը շարունակենք, ապա կարող են մեզ շրջանցել ու տարածաշրաջնում կօգտվեն մեր հարեւանները, իսկ մենք կմնանք ներկա իրավիճակում՝ զուրկ նման մեգածրագրերից»,- շեշտում է Կոստանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: