Շավարշ Քրիսյան․ «Բալթալիմանի» ու Համահայկական օլիմպիական խաղերի հիմնադիրը

22 Հուլիսի 2024, 22:56

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հուլիսի 22-ին հայկական սպորտի ականավոր գործիչ, ֆիզիկական կուլտուրայի հանրայնացման մարտիկ, մարզիկ ու մարզիչ, գրող, մանկավարժ, լրագրող Շավարշ Քրիսյանի ծննդյան օրն է։

Նա ծնվել է Կոստանդնուպոլսում։ Քրիսյանը հայկական սպորտի հայտնի գործիչներից է։ Նա ստեղծել է հայկական «Բալտալիման» ֆուտբոլային ակումբը, բացի այդ, եղել է նրա մարզիչն ու խաղացողը։

Քրիսյանը կարևոր նշանակություն է տվել սպորտին, եղել է մանկավարժ, գրող, հրապարակախոս, լրագրող, Օսմանյան կայսրության առաջին մարզական «Մարմնամարզ» ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր, որը լույս է տեսել հայերեն:

Շավարշ Քրիսյանի նախաձեռնությամբ Կոստանդնուպոլսում կայացել են հայկական առաջին օլիմպիական խաղերը, պատրաստել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության և հայկական ֆուտբոլի լիգայի նախագծերը, որոնք կյանքի կոչվեցին միայն նրա մահից մի քանի տարի անց:

Շավարշի ղեկավարությամբ 1912 թվականին Ստոկհոլմի Օլիմպիական խաղերում հանդես են եկել առաջին հայ մարզիկները՝ Վահրամ Փափազյանը և Մկրտիչ Մկրյանը։

«Վահրամ Փափազյանը կլինի առաջինը, թե վերջինը, այնքան էլ կարևոր չէ, կարևորը նրա՝ որպես հայի մասնակցությունն է։ Թող վերջինը լինի, բայց ելույթ ունենա այնտեղ, թող մեծ ազգերի այս ֆորումում ներկայացված լինեն նաև հայերը։ Արդեն երեսուն տարի է, ինչ հայերը Եվրոպային հայտնի են որպես թալանի ու սպանությունների ենթարկված ազգ, որպես արցունքների ու արյան հոմանիշ, և հիմա եկել է ժամանակը, որ մեր մասին այլ կերպ խոսեն։ Մենք ուզում ենք, որ քաղաքակիրթ աշխարհը մեզ ճանաչի նաև մեր ձեռքբերումներով»,- մի առիթով ասել է Քրիսյանը։

Պոլսահայ մարզիկնապրեց ընդամենը 29 տարի. սպանվեց 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում։