Հայաստանի իշխանությունները որդեգրել են Ռուսաստանի հետ խզման ուղին, այլ ոչ թե ամեն գնով խաղաղության. Դմիտրի Սուսլով

22 Հուլիսի 2024, 23:40

Քաղաքականություն

Հայաստանի ներկայիս ղեկավարությունը որդեգրել է ԵՄ-ին ինտեգրվելու, Արևմուտքի, ՆԱՏՕ-ի հետ առավելագույն մերձեցման և Ռուսաստանի հետ աստիճանական խզման կուրս. սկզբում խզումը ռազմական է, հետո՝ տնտեսական։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է ռուս քաղաքագետ, Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Համաշխարհային տնտեսության և միջազգային քաղաքականության ֆակուլտետի եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը։

Խոսելով Հայաստանի իշխանությունների արևմտամետ արտաքին քաղաքականության մասին՝ նա ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը ամեն գնով խաղաղություն չէ, այլ ամեն գնով վերակողմնորոշում դեպի Արևմուտք։

«Ես լիովին համաձայն եմ, Հայաստանի ներկայիս ղեկավարությունը որդեգրել է ԵՄ-ին ինտեգրվելու, Արևմուտքի, ՆԱՏՕ-ի հետ առավելագույն մերձեցման և Ռուսաստանի հետ աստիճանական խզման ուղեգիծ։ Սկզբում խզումը ռազմական է, հետո՝ տնտեսական։ Հենց սա է ներկայիս ղեկավարության քաղաքականության գլխավոր հրամայականը, այլ ոչ թե խաղաղությունը։ Իսկ Ղարաբաղի հարցում կապիտուլյացիան համապատասխան կուրս իրականացնելու համար վնաս է դարձել Հայաստանի համար»,- ընդգծել է փորձագետը։

Մեկնաբանելով ԱՄՆ-ում նախընտրական մրցապայքարը՝ նա նշել է, որ վերջին իրադարձությունները վկայում են Դեմոկրատական կուսակցության և ամերիկյան ներքաղաքական համակարգի խորը ճգնաժամի մասին։

«Առկա թեկնածուներից ոչ մեկը ձեռնտու չէ Ռուսաստանին։ Ինձ թվում է՝ Բայդենի որոշումը և իրավիճակը, որը մենք նկատում ենք Միացյալ Նահանգներում, վկայում են Դեմոկրատական կուսակցության և ամերիկյան ներքին քաղաքական համակարգի խորը ճգնաժամի մասին։ Բայց դա ոչ մի հեռանկար չի ստեղծում ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավման համար։

Ես համաձայն եմ, որ Դեմոկրատական կուսակցության կողմից Քամալա Հարիսի ամենահավանական թեկնածությունն այսօր չարյաց փոքրագույնն է թվում՝ համեմատած մյուս թեկնածուների հետ, և հատկապես համեմատած ներկուսակցական պայքարի և պառակտման հետ, որը տեղի կունենա, եթե Քամալա Հարիսից բացի որևէ մեկը բացահայտորեն կհայտարարի ԱՄՆ նախագահի կողմից առաջադրվելու իր ցանկության մասին»,- նշել է փորձագետը։

Նրա խոսքով, ամեն դեպքում, արդեն կա թաքնված պայքար, թաքնված պառակտումներ Դեմոկրատական կուսակցության ներսում, քանի որ դեմոկրատական վերնախավի մի մասը, ինչպիսին Քլինթոնի կլանը, պաշտպանում էր Հարիսին, իսկ մյուս մասը (Բարաք Օբաման, Նենսի Փալոսին) չաջակցեցին նրան և հանդես եկան մրցակցային ընտրությունների, կրկնակի փրայմերիզների և կուսակցության ներսում մրցակցային պայքարի արդյունքում թեկնածու առաջադրելու օգտին:

«Մենք կտեսնենք, թե ինչ կլինի, բայց ես համաձայն եմ, որ Քամալա Հարիսը ամենահավանական թեկնածուն է, և նա կվերցնի ազդեցիկ նահանգապետներից մեկին որպես փոխնախագահ: Բայդենի ինքնահրաժարականից հետո ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու Դոնալդ Թրամփի շանսերը նվազում են։ Դրանք դեռ մեծ են, բայց նվազել են այն իրավիճակից հետո, երբ թեկնածուն Ջո Բայդենն էր։ Քամալա Հարիսն ավելի երիտասարդ է, և այժմ Թրամփը նրա համեմատ «հին դինոզավր» է թվում, քանի որ նա կին է, ոչ թե սպիտակամորթ կին։ Այդպիսով նա կարող է ավելի շատ ձայներ ստանալ դեմոկրատ ընտրազանգվածի հիմնական տարրերից», — ավելացրել է Սուսլովը:

Հիմա եթերում