ՄՕԿ-ը Խաչանովի և Դալալոյանի մասնակցությամբ կադրեր է ցուցադրել

23 Հուլիսի 2024, 23:15

Սպորտ

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովի և մարմնամարզիկ Արթուր Դալալոյանի մասնակցությամբ կադրեր է օգտագործել օլիմպիական խաղերի հեռարձակման շնորհանդեսի ժամանակ։ Այս մասին գրում է «Սպորտ Էքսպրեսը»:

Շնորհանդեսի հեռարձակումը տեղի է ունեցել կազմակերպության YouTube-յան ալիքում։ Օլիմպիական հեռուստառադիոհեռարձակման ծառայության գլխավոր տնօրեն Յանիս Եկզարխոսի ելույթի ժամանակ էկրանին ցուցադրվել են Տոկիոյի օլիմպիադայում Խաչանովի ելույթի կադրերը, որտեղ թենիսիստը դարձել էր արծաթե մեդալակիր։

Կադրերում հայտնվել է նաև հայազգի ռուս մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը։ Նա ոսկե մեդալ է նվաճել Ռուսաստանի հավաքականի համար թիմային առաջնությունում:

Նշենք, որ երկու մարզիկներն էլ հրաժարվել են մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին, որոնք տեղի կունենան հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: