Նեթանյահուի վերջը նույնն է լինելու, ինչ Հիտլերինը. Թուրքիայի ԱԳՆ
29 Հուլիսի 2024, 12:56
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով պատասխանատու է Գազայի հատվածում իրավիճակի համար, կարող է կյանքին վերջ տալ այնպես, ինչպես նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերը, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն X սոցիալական ցանցում։
«Ցեղասպան Նեթանյահուի վերջը նույնն է լինելու, ինչ ցեղասպան Հիտլերինը: Նրանք, ովքեր փորձում են ոչնչացնել պաղեստինցիներին, պատասխան կտան իրենց արարքների համար այնպես, ինչպես ցեղասպան նացիստները: Մարդկությունը կլինի պաղեստինցիների կողքին, դուք չեք ոչնչացնի նրանց»,- ասված է գրառման մեջ։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանն իր հերթին X-ում մեկնաբանել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, թե Թուրքիան կարող է մտնել Իսրայել, ինչպես Լիբիա և Ղարաբաղ։ Ֆիդանի խոսքով՝ Էրդողանը դարձել է «մարդկության խղճի ձայնը»:
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացն իր հերթին ասել է, որ Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի ճանապարհով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա, սակայն պետք է հիշի, թե ինչով ավարտվեց այդ ամենը Իրաքում։